News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում եւ նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաեւ Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունների սերտացմանը եւ կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաեւ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդմանը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացման եւ զարգացման ընթացքից՝ արձանագրվել է, որ 2007-2011 թվականների ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 180 մլն դոլարից հասել է 323 մլն դոլարի:

«Պետք է ջանանք, որպեսզի մեր նախանշած բոլոր նախագծերն իրականացվեն: Այդ առումով կարեւորում եմ Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը, միջմարզային համագործակցությունը, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության մեկնարկը»,- ասել է դեսպանը: Սեյեդ Ալի Սաղայիանը վստահեցրել է, որ հետագայում եւս շարունակելու է գործել՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերություների ամրապնդման եւ զարգացման:

Դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ընթացիկ տարում սպասվում է Իրանի իր գործընկերոջ այցը Երեւան, ինչը եւս կխթանի հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Տիգրան Սարգսյանը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ