News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը ապրիլի 27-ին հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ քարոզարշավը, որը պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 8-ին, շատ ակտիվ է անցնում: «Մասնակիցները, որպես կանոն ի վիճակի են քարոզարշավ վարել, նրանք ապահովված են իրենց պաստառների համար անվճար տեղերով: Սակայն եղել են քարոզարշավը խոչընդոտելու փորձեր, այդ թվում` երկու ծեծկռտուք Երեւանում»,- ասվում է զեկույցում:

Դիտորդական առաքելությունը դեպքեր է արձանագրել, երբ խախտվել են Ընտրական օրենսգրքի դրույթները քարոզարշավի վերաբերյալ: «Դրանց թվում եղել են քարոզչության դեպքեր դպրոցներում, ուսուցիչներին եւ աշակերտներին խնդրել են մասնակցել Հանրապետական կուսակցության նախընտրական միջոցառումներին, իսկ որոշ կուսակցությունների քարոզչանյութերը  զետեղվել են տեղական վարչակազմերի եւ ընտրատեղամասերի տարածքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին պատկանող ընկերությունը տրակտորներ է բաժանել դե-ֆակտո քարոզչության շրջանակներում: Ապրիլի 17-ի դրությամբ ոստիկանությունը քննել է հնարավոր ընտրախախտումների 14 դեպքեր»,- ասվում է զեկույցում:

Ըստ զեկույցի, ընտրությունների նախապատրաստություններն ընթանում են սահմանված ժամկետներին համապատասխան:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ընտրատարածքային հանձնաժողովները շարունակում են աշխատել բաց եւ թափանցիկ: Տեղամասային հանձնաժողովները ձեւավորվել են եւ պատրաստություն են անցնում: ԿԸՀ-ն հաստատել եւ հրապարակել է հիմնական ընթացակարգային կանոնները եւ պաշտոնական փաստաթղթերը ընտրությունների օրվանից շատ վաղուց»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ընտրարշավը: «Քարոզարշավի սկզբում նախագահն ու կառավարական պաշտոնյաները լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում, սակայն ապրիլի 8-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, լրատվամիջոցները կենտրոնացան հիմնական կուսակցությունների եւ մեկ դաշինքի վրա: Հանրային հեռուստաընկերությունը կատարում է իր պարտավորությունները` ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքին անվճար եւ վճարովի եթեր տրամադրելու գործում»,- ասվում է զեկույցում:

«Ապրիլի 20-ի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է ավելի քան 80 բողոք, որոնց մեծ մասը ներկայացվել է նույն անձի կողմից»,- նշում են դիտորդները:

Նշենք, որ խորհրդարանական ընտրոթյունները Հայաստանում կայանալու են մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ