News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը քննություն է սկսել հրապարակում կատարվածի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները,  ինչի հետեւանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին: ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն ձեւավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները եւ տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը եւ այլ վարկածներ:

Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների եւ ստացված արդյունքների մասին:

Պատահարի կապակցությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Հանրապետության նախագահին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների թիվը:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը հայտարերել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ