News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում, մայիսի 10-ին, տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ստահոդ հայտարարությունները:

ԱԽ անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելն, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:

Դեսպանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:

Դեսպան Նազարյանը նաեւ նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն «Ալ-Կաիդային» հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին եւ որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսեւորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով:

Ի դեպ, այսօր, որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն Ալիեւի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ