News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմը հավատարիմ է միջազգային սկզբունքներին: Ինչպես մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը, հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Այդ դրույթներն արձանագրվել էին նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի վերջին նամակում»,- հավելել է Մինասյանը: Հայաստանն, ըստ նրա, մասնակցում է բանակցություններին այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն չունի ներկայացված լինել բանակցություններում: «Բայց դա էլ, կարծում եմ, ժամանակի հարց է»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները:

Իր հերթին ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության թիվ մեկ պայմանը «Հայաստանի հեռանալն է օկուպացված տարածքներից»: «Խնդրում եմ նշել, որ ես չեմ խոսում հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հայ-թուրքական սահմանի բացման միջեւ որեւէ կապի մասին: Այդ հարցը վերաբերում է երկու երկրներին` Հայաստանին եւ Թուրքիային: Մեր պայմանը օկուպացված տարածքների ազատագրումն է:

Ադրբեջանը նորմալ կերպով լուծում է վիճելի խնդիրները Ռուսաստանի, իսկ այժմ նաեւ Վրաստանի հետ: Մենք լավ հարաբերություններ ունենք Կասպից տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Բայց Հայաստանի հետ որեւէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը չի լքել օկուպացված տարածքները: Այդ դիրքորոշումն ամրապնդվում է Միացյալ ազգերի կազմակերպության փաստաթղթով»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ