News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն») լինելու է 5-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Ռուբեն Գեւորգյանը` հավելելով, որ կուսակցությունն է այդպես որոշել: «Ես միշտ էլ ԱԺ-ում ունեցել եմ իմ խոսքի դաշտը եւ հատկապես իմ նախաձեռնություներով, իմ խոսքով, իմ ելույթներով հանդես եմ եկել այդ դաշտից: Այդ դաշտը հիմնականում հայրենասիրության, ազգային գաղափարախոսության դաշտն է, ամեն մարդ իր դաշտում պիտի ներկայանա, եւ ես այդ դաշտից էլ կներկայանամ իմ ողջ պատգամավորական գործունեության ընթացքում»,- նշեց Ռուբեն Գեւորգյանը: Իսկ թե ինչ օրինագծեր է առաջարկելու այս Աժ-ում կամ ինչ նախաձեռնություններով է հանդես գալու, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք ունեն թիմ եւ ինքը հանդես է գալու իր քաղաքական թիմի հետ` թիմային նախաձեռնություններով:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնարավոր համագործակցությանը ՀԱԿ-ի եւ մնացած ուժերի հետ, Ռուբեն Գեւորգյանը վստահեցրեց, որ «համագործակցություն լինելու է ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ այն քաղաքական ուժերի հետ, որոնց քաղաքական նախաձեռնությունները համահունչ կլինեն իրենց կուսակցությանը եւ նպաստ կբերեն երկրի, ժողովրդի հզորացմանը եւ օրենսդիրի առավել պարզեցմանը»:

Թեեւ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կոալիցիա չկազմելու մասին, այնուհանդերձ, Ռուբեն Գեւորգյանը նշեց, որ իրենք կհամագործակցեն նաեւ կոալիցիոն նախկին գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, եթե նրանց նախաձեռնությունները համարժեք լինեն իրենց ծրագրերին եւ նպատակներին:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, որոնք վերաբերում են կոալիցիա չմտնելու պատճառով ԲՀԿ-ական գործարարների բիզնեսները վտանգելուն, Ռուբեն Գեւորգյանը նման մտավախություն չունի: «Իմ համար առաջնահերթն իմ հավատարմությունն է ինձ, իմ թիմին, իմ թիմակցին եւ իմ թիմի առաջնորդին, մնացածը բոլորը մանր-մունր խնդիրներ են»,- ասաց նա:

Հարցին, թե 2013թ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ականները կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե` ոչ, նա նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, նրանք կանեն այնպես, ինչպես կքննարկվի եւ կորոշվի կուսակցությունում:

«Ամեն մի հզոր կուսակցություն միշտ էլ ձգտում է դառնալ իշխող կուսակցություն եւ ամեն մի կուսակցական  իր քաղաքական առաջնորդին է տեսնում  երկրի ճակատագրողի դիրքում, հատկապես, որ ԲՀԿ-ն տեղավորվում է երկրի ճակատագրողի տեսակի մեջ, այլ բան է, որ ինքը չցանկանա գնալ դրան եւ մեր կուսակցության մեջ քաղաքական կշիռ ունեցող գործիչներով, հաշվի առնելով իր առաջարկությունները, դիրքորոշումը, ինչպես այդ, այնպես էլ այլ հարցերում, կքննարկենք եւ կողջունենք իր կողմից արվող կամ առաջարկվող այլ տարբերակներ»,- նշեց Ռուբեն Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ