News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոնները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է հայ ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա փոխանցմամբ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կգումարվի մայիսի 30-ին ժամը 20.00-ին  եւ այդ նիստում կքննարկվեն ԱԺ նախագահի եւ փոխնախագահի թեկնածությունները, իսկ  կառավարությունը սահմանված կարգով կտա իր հրաժարականը եւ կձեւավորվի նոր կառավարություն: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ եւ  Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու հարցերին, Շարմազանովը նշեց, որ նման բան չի կարող ասել, միայն կարող է ասել, որ այդ պաշտոնները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ, քանի որ իրենք ստացել են հայ ժողովրդի մեծամասնության վստահությունը:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ին չի պատկերացնում ընդդիմության դերում, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ ինքը հարգում է վարչապետի եւ մյուս քաղաքական գործիչների կարծիքները, բայց ինքը մնում է  իր կարծիքն եւ չի մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները:

«Ժամանակը ցույց կտա ԲՀԿ-ն  ընդդիմություն է, թե` իշխանություն: Այդ հարցերն ուղղեք ԲՀԿ-ի մեր գործընկերներին եւ հետեւեք խորհրդարանի աշխատանքներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, ընդդիմությունն էլ կարող է լավը լինել, իշխանությունն էլ եւ հակառակը: «Քաղաքականությունը մնում է քաղաքականություն: Ընդդիմությունը կարող է շատ լավ բան անել երկրի համար եւ հակառակը: Նույնն է իշխանության պարագայում, հետեւաբար եւ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է գործեն երկրի, պետության համար եւ լինեն ակտիվ»,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ, թե ինչով կտարբերվի այս խորհրդարանը նախորդից, նա ասաց, որ ինքը «վանգաիզմով» չի զբաղվում, սակայն կշարունակի նախորդի բոլոր լավ ավանդույթները եւ իր հերթին նոր ոճ կբերի եւ կընդունվեն օրենքներ հանուն պետության եւ իշխանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ