News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի եւ բարձրաստիճան  այլ անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, աշխատանքային այցերի քողի տակ, Սահմանադրության խախտում է: Այդ մասին, մայիսի 30-ին, Սահմանադրական դատարանում, իր եզրափակիչ խոսքում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դիմել է ՍԴ` պահանջելով չեղյալ համարել խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով արդյունքները:

Վ. Գրիգորյանի խոսքով` նախագահի աշխատանքային այցերին բարձրաստիճան անձանց առկայությունը մեծ ազդեցություն է գործել ընտրողների վրա, ինչը չէր կարող չարտացոլվել նրանց քվեարկության վրա:

 «Պատասխանողը (ԿԸՀ-ն - խմբ.) սպառիչ կերպով չպատասխանեց մեր կողմից առաջադրված հարցերին, որոնք վերաբերում են ոչ միայն նախագահի եւ բարձրաստիճան այլ անձանց մասնակցությանը նախընտրական քարոզարշավին, այլեւ քաղաքացիների ցուցակներին, որոնց թիվն ուռճացված էր, ամենուր տեղ գտած անձնագրերից կնիքի անհետացման երեւույթներին, մեկ մարդու քվեարկության տեւողությանը եւ այլն»,- հայտարարեց Գրիգորյանը` միաժամանակ նշելով, որ  պատասխանող կողմը ձգտում է գործն իրավաբանականից տեղափոխել քաղաքական հարթություն:

Նրա խոսքով` ՀԱԿ-ը, որի շահերը ներկայացնում է ինքը, չի ցանկանում իրավաբանական գործը տեղափոխել քաղաքական հարթություն. «Մեր նպատակն ազատ ընտրություններ անցկացնելու խախտված իրավունքի վերականգնումն է»:

 Իր հերթին պատասխանողը` ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի խախտման մասին հայցվորի հայտարարությունները, ինչպես նաեւ իբրեւ ապացույց  ներկայացված օրինակները փաստացի ապացույցներ չունեն, ինչը թույլ կտար անվավեր համարել գեթ մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: «Այդ մեղադրանքները փաստերով հիմնավորված չեն, դրանցում քաղաքական ենթատեքստ կա, որը իրավունքի վերականգնման նպատակ չի հետապնդում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ