ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ վաղը կառաջադրի իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարծիք կա, թե ԲՀԿ-ի ճնշման արդյունքում է ինքը վերադառնում իր պաշտոնին, Հ. Աբրահամյանն ասաց. «Չեմ կարծում: Նախորդ անգամ ես պատասխանել եմ այդ հարցին: Չի կարող որեւէ մեկը ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա: Այն էլ կադրային քաղաքականության մեջ: Դա բացառեք միշտ: Ես շնորհակալ եմ բոլորից: Այնպես, որ կհանդիպենք ԱԺ-ում եւ գնանք նախապատարստվենք ԱԺ-ի վաղվա առաջին նիստին: Լավ եղեք եւ լավ տրամադրություն Ձեզ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որն ընդունվել է միաձայն: Ներկայումս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանըին այլ ոլորտում աշխատանք կառաջարկվի: Նոր ԱԺ-ում փոխնախագահներ կդառնան Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը: