News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 8-ին, առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան եւ Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել:

Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետեւ տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության եւ Վիետնամի կառավարության միջեւ դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, ՀՀ կառավարության եւ Վիետնամի կառավարության միջեւ տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին hամաձայնագրեր եւ Հայաստանի եւ Վիետնամի ԱԳՆ-ների միջեւ համագործակցության մասին արձանագրություն:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների ղեկավարները հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփել բանակցությունների արդյունքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը եւ Հայաստանն ավանդական սերտ բարեկամական կապեր եւ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն ունեն, հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռեւս չի համապատասխանում հայ-վիետնամական քաղաքական հարաբերությունների մակարդակին եւ առկա ներուժին:

Հայաստանի եւ Վիետնամի նախագահները տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարեւորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կողմից միջկառավարական հանձնաժողովներ ձեւավորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի գործնական հարթություն կտեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցությունը:    

Հեռանկարային է համարվել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցության, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Չիոնգ Տան Շանգը հանդիպման ավարտին ընդգծել են, որ Հայաստանը եւ Վիետնամն ունեն հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամության հետ միասին լավ հիմք են ընդլայնելու եւ խորացնելու Հայաստանի եւ Վիետնամի միջեւ կապերը: Այդ նպատակով, նախագահները կարեւորել են նաեւ երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:  

Վիետնամի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իր երկրի համար դժվարին ժամանակներում՝ դեռեւս խորհրդային տարիներին, Վիետնամին ցուցաբերած օգնության, ինչպես նաեւ հայաստանյան բուհերում վիետնամցի բազմաթիվ ուսանողների համար պատշաճ կրթության ապահովման համար: Նախագահ Չիոնգ Տան Շանգի հավաստմամբ, այդ բուհերի շրջանավարտներից շատերը վերադառնալով Վիետնամ, մեծ ներդրում են ունեցել երկրի վերականգնման ու զարգացման գործում եւ այժմ էլ շարունակում են իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար լինել Վիետնամին:

Երկու երկրների նախագահները հայ եւ վիետնամցի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարեւորել են հայաստանյան բուհերի հիշյալ շրջանավարտների դերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել նաեւ նրանց հետ, ովքեր մայրաքաղաք Հանոյ են ժամանել երկրի տարբեր բնակավայրերից:

Վիետնամցի շրջանավարտները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման հնարավորության համար եւ նշել, որ Վիետնամում հայաստանյան բուհերի հազարից ավելի շրջանավարտներ կան, ովքեր մինչեւ այժմ հետաքրքվում են Հայաստանով, հետեւում նրա զարգացումներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հայաստանյան բուհերի վիետնամցի շրջանավարտները պատմել են Երեւանի մասին իրենց տպավորությունները, հիշել այնտեղ անցկացրած ուսանողական տարիները եւ ցանկություն հայտնել կրկին այցելել Հայաստան:

Հանրապետության ղեկավարը նրանց բոլորին սիրով հրավիրել է Երեւան, ներկայացրել, թե ինչպիսին է այժմ ժամանակակից Հայաստանը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահը Հանոյում այցելել է նաեւ Գրականության տաճար: «Կրթության այս հազարամյա տաճարը վկայում է գիտելիքի հանդեպ վիետնամցի ժողովրդի տածած ակնածանքի եւ սիրո մասին»,-Գրականության տաճարում շրջայցից հետո Պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել Նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ