News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մամուլն այսօր անդրադարձել էր շրջանառվող լուրերին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհ է նախարարական կազմից, քանի որ ժամանակի ընթացքում գերատեսչությունների ղեկավարներն սկսել են իրենց վատ դրսեւորել:

Մեզ հասած տեղեկատվության համաձայն` իրենց վատ դրսեւորող նախարարների շարքում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, իսկ դժգոհության պատճառն այն է, որ Հարությունյանն այդպես էլ չկարողացավ լեզու գտնել բնապահպանների ու ակտիվիստների հետ մի շարք հարցերում: Արդյունքում հանքարդյունաբերական ծրագրերի իրականացումը հանգեցրեց նրան, որ բնապահպանները ոչ միայն բողոքի ակցիաներ իրականացրեցին Հայաստանի տարբեր մարզերում, այլեւ գործը հասցրեցին Ստրասբուրգ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստացի, Արամ Հարությունյանը չկարողացավ կանխել դա` առաջին հերթին հարվածի տակ դնելով երկրի վարչապետ Տիրգան Սարգսյանին, ով իր հերթին ամեն ինչ անում է եվրոպական միջազգային կառույցներին հաճոյանալու համար:

Եթե նույնիսկ չլիներ այս խնդիրը, Տիգրան Սարգսյանը Հարությունյանից դժգոհելու այլ առիթներ էլ ունի. արդեն հինգ տարի բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա. Հարությունյանը պատշաճ կերպով չի կարողանում ղեկավարել ոլորտը, ինչի մասին վկայում են է նաեւ ՄԻՊ-ի զեկույցը:

Ըստ այդմ` նրա ղեկավարած տարիների ընթացքում շարունակվել է կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման եւ բնապահպանական ազդեցությունների հաշվարկման:

Նախարարությունը նաեւ զլացել է վերահսկել հանքարդյունահանման հետ զուգակցվող եւ շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող եւս մեկ խնդիր՝ այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները եւ պոչամբարները: Գրեթե չեն ուսումնասիրվել լեռնահանքային արդյունաբերության հետեւանքով խախտված, դեգրադացված հողերը` պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր:

Բնապահպանական թեմաներից զատ, Ա. Հարությունյանը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչը նույնպես չէր կարող դրական ընկալվել վերադասի կողմից: Օրինակ, Բնապահպանության նախարարության վարչություններից մեկի կորած սառնարանի պատմությունը, որն ի վերջո հայտնաբերվել էր նույն Ա. Հարությունյանի ամառանոցում, կամ էլ այն հանգամանքը, որ նրան տեսել էին ծխելիս ԱԺ-ում` ծխելու համար չնախատեսված վայրում:

Մերթ ընդ մերթ րագրողներին հայտնի են դառնում նախարարությունում տիրող կոռումպացված մթնոլորտի մասին փաստեր, որի առնչությամբ, դեռ ժամանակ առաջ պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք իր աշխատակիցները կաշառք վերցնելիս իրե՞ն էլ են մասնաբաժին հանում, ասել է. «Հետաքրքիր հարց եք տալիս»: Թերեւս մնում է կռահել, թե արդյոք Ա. Հարությունյանը նմանատիպ պատասխան է պատրաստել իր վերադասի համար, ով նույնպես հաստատ բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ կունենա իրեն ուղղելու:

 

Տպել
Ամենաշատ