News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը, հուլիսի 8-ին, տեղի է ունեցել Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Այն տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի եւ Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլեւսկիի պատվո հովանավորության ներքո:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին նաեւ հոգեւորական դասի այլ բարձրաստիճան անդամներ, Լոձի վոյեվոդության եւ մունիցիպալ մարմինների ղեկավարներ, Լեհաստանի հայկական համագումար կազմակերպության, ինչպես նաեւ լեհ հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Սիերաձի հոյակերտ տաճարում Հռոմի պապի պատվիրակ կարդինալ Զենոն Գրոխոլեւսկին մատուցել է պատարագ, որի քարոզը նվիրված էր հինավուրց ավանդույթներ ունեցող քրիստոնյա հայ ժողովրդին: Հռոմի պապի պատվիրակը, բարձր գնահատելով հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի դերը քրիստոնեության տարածման եւ ժամանակակից քաղաքակրթության ձեւավորման գործում, համոզմունք հայտնեց քույր եկեղեցիների հետագա մերձեցման հնարավորության վերաբերյալ: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Նշենք, որ Սանդոմեժի թեմի առաջնորդական տեղապահ Ստանիսլավ Պինդերան հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ: Վերոնշյալ ալբոմը հրատարակվել է 2008թ. եւ արժանացել է հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) «Կարբիս Փափազյան» հեղինակավոր պարգեւին` Հայաստանի ճարտարապետական կոթողների հավերժացման եւ հայանպաստ քարոզչության համար: ՀՀ դեսպանության միջնորդությամբ հեղինակը ներկայացվել է նաեւ ՀՀ պետական պարգեւի ու ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգեւատրվել ոսկե մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ