News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտերկրում հանգստանալ ցանկացող հայերի նախասիրությունները տարիների ընթացքում գրեթե չեն փոխվում: Ամռանը հայերը հիմնականում նախընտրում են գնալ Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, Եգիպտոս, Արաբական միացյալ էմիրություններ,  Շրի Լանկա, հնարավորության դեպքում` Իտալիա, Իսպանիա, Հունաստան: Այս է փաստում NEWS.am-ի անցկացրած փոքրիկ հետազոտությունը տուրգործակալությունների շրջանում:

Միջին եւ միջինից բարձր խավի հայերը մեծամասամբ նախընտրում են  հանգստանալ եվրոպական երկրներում` Իտալիա, Իսպանիա, Հունսատան, բայց քանի որ կա վիզայի խնդիր, հեռտեւաբար`  քաշքշուկից եւ թղթաբանությունից խուսափելու համար գնում են Վրաստան, Բուլղարիա, Կիպրոս, Անթալիա, որտեղ վիզաների ձեռք բերումը ավելի հեշտ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Ֆանտուր» տուրգործակալությունից «Նախասիրությունները չեն փոխվում, պարզապես այժմ մարդիկ ավելի քիչ օրերով են պատրաստ գնալ` ելնելով ֆինանասական դրությունից, նույն տուրիստները եթե 2-3 տարի առաջ մինիմում 14 օրով էին գնում, ապա այսօր գնում են 7-10 օր: Մարդկանց ֆինանսական վիճակը ավելի է վատացել»,-հայտնեցին տուրգործակալությունից:

Տարեցատրի գների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, բայց մինույն է, Հայաստանում շարունակում է հանգիստը ավելի թանկ լինել, քան արտերկում, դա էլ այն պարագայում, երբ այստեղ հանգստանալու դեպքում տրանսպորտի խնդիր գրեթե չկա: Տուրգործակալությունների աշխատակիցները շեշտում էին, ամռանը հայերի համար` հանգստավայր ընտրելիս կարեւոր է մի քանի հանգամանք: «Նախեւառաջ, հայերը շատ են սիրում ծովափնյա հանգիստ, եւ քանի որ մենք ծով չունենք, նախընտրում են անպայման ծովում հանգստանալ: Եւ հետո եթե մարդ մեկնում է հանգստի, ապա դա կարողէ  լինել նոր միջավայրում, որը բնականաբար չի կարող լինել քո երկրում, նոր միջավայր, նոր մարդիկ, նոր տպավորություններ»,- հայտնեցին «Ֆանտուրից»: Հայ զբոսաշրջիկների շրջանում դեռեւս Վրաստանը առաջատար է, քանի որ այնտեղ հանգիստը շատ ավելի մատչելի է, քան ծով ունեցող այլ երկրում:

Առհասարակ, մեր հարցմանը մասնակցած բոլոր գործակալություններում էլ նշում  էին, որ արտերկում հանգստանալու շահագրգռող կողմերից մեկն էլ գների եւ ծառայությունների որակի համապատասխանությունն է: Այսպես, ըստ «Ֆանտուրի» ` Վրաստանում մեկ անձի համար 7օրյա հանգիստն արժե 70- 100 հազար դրամ. Անթալիայում` սկսած 800 դոլարից, իսկ եվրոպական երկրներում` 700 եվրոյից:  «Դի ընդ վի թրավելից»  NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին, որ Հայաստանում միջին խավը նախընտրում է հանգստանալ Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ մեկ անձի համար  7օրյա հանգիստը սկսվում է 1000 եվրոյից: «Գլոուբ թրավելի»  աշխատակից Անահիտ Սողոյանն էլ նշեց, որ Վրաստանում 7օրյա հանգիստը մեկ անձի համար սկսվում է 200 դոլարից, Թուրքիայում, Բուլղարիայում եւ Հունաստանում` 700 դոլարից, Շրի Լանկայում` 900 դոլարից: Նրա խոսքով` հայերը ցանկանում են հանգստանալ արտերկրում, քանի որ այնտեղ գները մատչելի են, իսկ ծառայությունները` շատ:

«Քրեյզի» տուրից NEWS.am-ին հայտնեցին, որ Բուլղարիայում մեկ անձի համար 7օրյա հանգիստը 1000 եվրո է, Իսպանիայում եւ Իտալիայում` 1300 եվրո եւ այլն:

Իսկ «Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը նշեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, Անթալիա գնացողների թիվը նվազել է, ինչը հնարավոր է պայմանավորված է գների բարձրացմամբ` մասնավորապես` հյուրանոցների եւ «Թեզ տուրի» փակվելուց հետո նաեւ`ավիատոմսերի: Փոխարենը` այս տարի շատ են Շրի Լանկայում հանգիստն անցկացնել ցանկացողները, որտեղ, նրա խոսքով,  եւ գները, եւ սպասարկումը, եւ ծառայությունները շատ լավն են, մարդիկ էլ` բարեհամբույր, այնտեղ`  7-օրյա հանգիստն սկսվում է 900 դոլարից: Ռիմա Խաչատրյանի խոսքով` թեեւ այժմ Դուբայում շատ շոգ է, բայց այնտեղ եւս մեկնում են հանգստի` 7 օրվա համար վճարելով 590 դոլար, 700-800 դոլար` Եգիպոտսում, 900 եվրո` Կիպրոսում եւ այլն: Իսկ ծովափնյա հանգստավայրերից ամենամատչելին թերեւս Վրաստանն է` 7 օրն արժե 65-70 հազար դրամ:

«Դոլչե» թրավելից NEWS.am-ին հայտնեցին, որ հայերի նախընտրությունները ամառային արտերկրյա հանգստի դեպքում չեն փոխվում` Վրաստան,  Անթալիա, Բուլղարիա, Եգիպտոս, Դուբայ, Շրի Լանկա եւ այլն: Մեկ անձի համար 7օրյա հանգիստը Վրաստանում սկսվում է 40 հազար դրամից, Անթալիայում` 800 դոլարից, Բուլղարիայում` 1000 եվրոյից, Եգիպտոսում եւ Դուբայում` 600 դոլարից: «Արտերկում եւս գները բարձրանում են, բայց Հայաստանում ի սկզբանե շատ բարձր էին հանգստի գները, եւ ինչքան էլ դրսում բարձրանան, դեռեւս վաղ է ասել, որ հայի համար Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան արտերկում, որովհետեւ շատ չնչին գբւմար ավել վճարելով` դու կարող ես այլ երկիր տեսնել»,- հայտնեցին տուրգործակալությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Հայաստանում հանգստի գներին, պայմաններին եւ ծառայություններին:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ