Այս տարի Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը, նախորդ տարիների համեմատ, ոչ միայն չի աճել, այլեւ նվազել է, իհարկե, եթե հաշվի չառնենք պետության կողմից ներդրված սոցփաթեթները: Այս է փաստում NEWS.am-ի անցկացրած փոքրիկ հետազոտությունը տուրիստական գործակալությունների շրջանում:

Եթե հայը ցանկանում է մեկնել հանգստի եւ կանգնած է երկընտրանքի առաջ` որտեղ հանգստանալ` Հայաստանում, թե արտասահմանում, ապա նա միանշանակ ընտրում է արտերկիրը, իսկ պատճառը ոչ միայն Հայաստանում բարձր գներն են, այլեւ գների եւ մատուցվող ծառայությունների որակի անհամապատասխանությունը եւ մի շարք այլ հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սակվոյաժ թրավելի» տնօրեն Մայա Թոխալյանը: Նա նշեց, որ սոցփաթեթները մի քիչ նպաստում են ներգնա տուրիզմի զարգացմանը, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հանգստանալ այստեղ, հիմնականում արտասահմանցիներ են:

Հայաստանում հանգստի գները այս տարի առանձնահատուկ չեն աճել, «դրանք միշտ բարձր են եղել»: Մայա Թոխալյանի խոսքով` այս տարվա նորություններից է այն, որ սկսել են հանգստի համար շատ մեկնել Ստեփանավան, դրանից բացի` շատ տարածված է մեկօրյա ուղեւորությունների մեկնելը պատմամշակութային վայրեր, որոնց գները սկսվում են 5000 դրամից: Նրա փոխանցմամբ`մեկ անձի համար  մեկօրյա հանգիստը Ջերմուկում եւ Ստեփանավանում արժե  20 հազար դրամ, Ծաղկաձորում, Սեւանում, Դիլիջանում` 15 հազար դրամ: «Սիրով թրավելից»  եւս փաստեցին, որ սոցփաթեթների շնորհիվ Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվն աճել է, բայց առանց դրա, պատկերը նույնն է: Նրանց փոխանցմամբ` այստեղ նախընտրում են հանգստանալ հիմնականում արտասահմանցիները, որոնք այցելում են Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, Ստեփանավան, Սեւան: 7-օրյա հանգիստը Ջերմուկում սկսվում է 70 հազար դրամից, Դիլիջանում եւ Ծաղկաձորում` 52 հազար դրամից, Սեանում` 45 հազար դրամից, Ստեփանավանում`63 հազար դրամից:

«Հայ տուր» տուրիստական գործակալության ներգնա տուրիզմի տուրօպերատոր Մարիամ Իգիթյանն էլ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ հունիսին հայերը ավելի շատ նախընտրում են հանգստանալ Ծաղկաձորում, Աղվերանում, Արզնիում, իսկ հուլիս 15-ից` Սեւանում,, Ջերմուկում, ամեն ինչ կախված է նաեւ կլիմայական փոփոխություններից: «Հայաստանի ներսում հանգստացողները շատ են, որովհետեւ պետության կողմից ներդրվել են սոցփաթեթները, ինչի շնորհիվ եռակի շատացել է Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը: Եթե ընդհանուր մակարդակը համեմատենք, առանց սոցփաթեթների, պատկերը նույնն է»,- ասաց Մարիամ Իգիթյանը: Այս գործակալությունում մեկ անձի համար 7-օրյա հանգիստը Սեւանում`  առանց սննդի, 45 հազար դրամ է,  իսկ երեքանգամյա սննդով 7-օրյա հանգիստը Ջերմուկում եւ Աղվերանում արժե 63 հազար դրամ: Նրա փոխանցմամբ` Հայաստանում  մեկօրյա հանգիստը միջինում արժե 10 հազար դրամ, հետեւաբար` 7-օրյա հանգիստը կկազմի 70 հազար դրամ:

«Լոկա» տուրգործակալությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանում հանգստի գները բարձրացել են, փոխարենը` նվազել են հանգստանալ ցանկացողների թիվը: Օրինակ`  Ծաղկաձորում, Դիլիջանում մեկ հոգու համար 7օրյա հանգիստը երեք անգամյա սննդով  արժե 70 հազար դրամ, Սեւանում եւս այդքան է` պարզապես առանց սննդի, Ջերմոուկում` երեքանգամյա սննդով 7օրյա հանգիստը եւ կոմպլեքս բուժումները արժե 105 հազար դրամ, Աղավնաձորում` 63 հազար դրամ, Աղվերանում  120 հազար դրամ: Նրանց փոխանցմամբ` ամռանը Հայասատանում հանգստի ամենաթանկ վայրը Ջերմուկն է:

Իսկ «Ալո» տուրգործակալության փոխանցմամբ` Հայաստանում հանգստի գները չեն բարձրացել, ոչ էլ այստեղ հանգստանալ ցանկացողների թիվն է աճել, կամ նվազել: Օրինակ` Ծաղկաձորում  մեկօրյա հանգիստըւ արժե  5000-40 հազար դրամ` կախված հյուրանոցից եւ այլն, իսկ առհասարակ Հայաստանում 7օրյա հանգիստ կազմակերպելու համար 70 հազար դրամը բավական է: