Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայաստանում կարտադրվեն իտալական ու ֆրանսիական շամպայններին մրցունակ շամպայններ

Հայաստանում կարտադրվեն իտալական ու ֆրանսիական շամպայններին մրցունակ շամպայններՀուլիս 20, 2012 | 00:22

«Արմենիա վայն» ընկերությունը ձեռնամուխ է եղել շամպայն-գինիների արտադրամասի ստեղծմանը: Այդ նպատակով իրականացման փուլում է ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում ընկերությունը նաեւ հարկային արտոնություն է ստացել ՀՀ կառավարությունից (ներմուծված սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվել է): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում շամպայն-գինիներն այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում, ինչպես նաեւ արդեն իսկ կա շամպայն-գինիների արտադրություն, ընկերությունից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ հեռանկարային է շամպայն-գինիների արտադրությունը: Ընկերությունից ստացված պատասխանները ներկայացնում ենք ոչ էական կրճատումներով:

Արդյոք հայկական շուկայում շամպայն-գինիների պահանջարկ կա՞, հաշվի առնելով, որ մեկ այլ ընկերություն նույնպես զբաղվում է դրա արտադրությամբ:

Մենք նախատեսում ենք արտադրել բնական շամպայն գինիներ` դասական եղանակով, ոչ թե կատարում ենք գինիների արհեստական գազավորում, ինչպես լիմոնադի կամ հանքային ջրերի դեպքում: Բնական խմորման ճանապարհով շամպայն-գինիների ստացման համար հարկավոր է օգտագործել շատ թանկարժեք տեխնոլոգիաներ, սարքեր եւ սարքավորումներ: Առաջիկա ամիսներին Հայաստան կներկրվեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Հավատացեք, որ նման տեխնոլոգիաներով շամպայն-գինիներ արտադրող գործարանները շատ չեն աշխարհում: Այսպիսով` մենք ստանալու ենք իտալական եւ ֆրանսիական շամպայն-գինիներին մրցունակ արտադրանք:

Ի՞նչ հեռանկարներ կան արտահանման առումով:

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ մենք ապահովում ենք բարձրակարգ գինիների ստացումը: «Արմենիա վայն» ընկերությունը ներգրավել է փորձառու, բանիմաց մասնագետներ արտերկրից: Մեր ընկերության գլխավոր խորհրդատուն ֆրանսիացի փորձաշատ գինեգործ Ժան-Բատիստ Սուլան է, ում անմիջական ղեկավարության ներքո է ընկերության արտադրական գործունեությունը: Արտադրության տնօրենը Մաթյո Բեսոնեն է` Ֆրանսիայի Բորդո քաղաքից, ով մշտական հիմունքներով աշխատանքի է անցել Հայաստանում: Իսկ շամպայն-գինիների արտադրության խորհրդատուն Պաուլո Պեյրան է` Իտալիայից: Հենց այս մարդկանց անմիջական աշխատանքի արդյունքում են ծնվելու մեր ապագա շամպայն-գինիները: «Արմենիա վայն» ընկերության արտադրանքն ունենալու է մրցունակության բարձր աստիճան եւ վաճառքի լավ հեռանկար համաշխարհային շուկայում:

Ի թիվս գերժամանակակից տեխնոլոգիական ներդրումների` մենք աշխատանքներ կիրականացնենք շամպայն-գինիների օգտագործման մշակույթը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: Շամպայնը մեզ մոտ հիշում են մարտի 8-ին եւ Ամանորին, կամ էլ հոբելյանական տորթի ժամանակ: Մինչդեռ աշխարհում նման գինիներն օգտագործվում են ամենօրյա կենցաղում, նախուտեստների հետ, որպես ապերետիվ եւ պարզապես հաճույքի ու լավ տրամադրության ապահովման համար:

Ի՞նչ տեսակի շամպայնների արտադրության մասին է խոսք գնում:

Նախատեսվում է արտադրել սպիտակ եւ վարդագույն շամպայն-գինիներ` չոր, կիսաչոր եւ կիսաքաղցր տեսակներով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ներդրւմներ" թեմայով

... վերջին լուրերը "Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...