News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայի իրավիճակը կրկնակի դաս է հայերի համար: Այդ մասին այսօր` հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` հավելելով, որ առաջին հերթին դա դաս է նրանց համար, ովքեր երջանկությունը հայրենիքի սահմաններից դուրս են փնտրում:

Նրա խոսքով` շատ հայեր սիրում են ասել, որ Հայաստանն ապրելու տեղ չի, փորձում են լքել երկիրը. «Սակայն այսօրվա դրությամբ ոչ մի տեղ չես կարող քեզ ապահով զգալ` ո’չ ԱՄՆ-ում, ո’չ Եվրոպայում, ո’չ Ռուսաստանում. ոչ մի տեղ»:

Նա նշել է, որ աշխարհում դեպքերն ու գործընթացները շատ արագ են կատարվում, եւ այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է պատահել վաղը այս կամ այն երկրում: Դեռ մեկ տարի առաջ, Մանուչարյանի խոսքով, Սիրիան շատ հանգիստ եւ խաղաղ երկիր էր, եւ եթե մեկին հարցնեին, թե որ երկրներում կարող են հուզումներ ծագել, Սիրիան դժվար թե նման երկրների հարյուրյակում ընդգրկվեր:

Անդրադառնալով սիրիահայերի դրությանը` Մանուչարյանն ընդգծել է, որ հեռանկարում սիրիահայերը շատ կարեւոր գործոն կդառնան, եւ հենց այդ պատճառով նրանց պատրաստ են ընդունել եւ Եվրոպայում, եւ ԱՄՆ-ում, եւ Ռուսաստանում. «Բոլոր այդ երկրներում հիանալի հասկանում են, որ սիրիահայերը լավ կազմակերպված եւ գործունակ են, նրանք հիանալի գիտեն Սիրիան, մեծամասնությունը կապեր ունի Լիբանանի հետ, եւ եթե վաղը այդ երկրներին հարկավոր լինի ավելացնել իրենց կշիռը տարածաշրջանում, նրանք կօգտվեն սիրիահայերի ներուժից»:

Մանուչարյանը ափսոսանքով նշել է, որ Հայաստանում սիրիահայերի այդ ներուժի գիտակցումը չկա. «Հայաստանը չորս կողմից շրջապատված է բոցավառվող կրակով, բայց այստեղ չգիտես ինչու համոզված են, որ այդ բոցը մեզ չի հասնի: Մենք շարունակում ենք հանգիստ խաղատներ կառուցել, մեր օլիգարխները շարունակում են մեկը մեկից եկամուտներ խլել, իսկ նրանք, ովքեր օլիգարխ չեն, ձգտում են մի քանի օլիգարխների վերացնել` իրենք այդպիսին դառնալու համար: Հենց այդ պատճառով էլ, երբ Հայաստան են ժամանում սիրիահայերը, հանկարծ պարզվում է, որ հայկական պետությունը կրկին անպատրաստ է նման գործընթացներին:  Ինչպես ժողովուրդն է ասում, մենք կրկին «Էշի ականջում քնած ենք»: Եվ քանի որ էշը մեր կյանքում արդեն քաղաքական բնութագիր է դարձել, այդ հանգամանքը լուրջ մարտահրավեր է դառնում երկրի համար»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ