News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը չի պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ պետք է դիտի օլիմպիական խաղերի բացումը այսօր երեկոյան, երբ իր ծննդավայր Հալեպի եւ սիրելի համայնքի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Այս մասին պատգամավորը գրել է «Facebook-ի» իր էջում:

«Այսօր Լոնդոնում մեկնարկում են օլիմպիական խաղերը: Հայաստանից 25 մարզիկ է մասնակցելու: Ես նրանց բոլորին հաջողություն եմ մաղթում եւ ցանկանում, որ մեդալներով վերադառնան: Իմ մտքում «Հայաստան» եւ «օլիմպիադա» բառերը միշտ կապվում են Ալբերտ Ազարյանի անվան հետ: Դա գալիս է իմ մանկությունից․ 1960թ., երբ ես դպրոցական էի Հալեպում, հիշողությանս մեջ դաջվեց այդ անունը՝ որպես հպարտության եւ ոգեշնչման աղբյուր: Միգուցե ոչ միայն նրա համար, որ Ազարյանը սովորական ոսկե մեդալակիր չէր, այլեւ իր մարզաձեւում նորարարության՝ Ազարյանական խաչի հեղինակը: Ես չեմ պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ պետք է դիտեմ օլիմպիական խաղերի բացումը այսօր երեկոյան, երբ իմ ծննդավայր Հալեպի եւ սիրելի համայնքի գլխին սեւ ամպեր են կուտակվել, երբ հակամարտող կողմերը պատրաստվում են ճակատագրական բախման, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ մեր հայրենակիցների վրա:

Ինձ համար խիստ զարմանալի է, որ որեւէ միջազգային կազմակերպություն, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը, կամ որեւէ երկիր հանդես չեկավ արդեն դարերով ընդունված օլիմպիական զինադադարի գաղափարով: Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն կարող էր լինել Սիրիայում հակամարտող երկու կողմերին զինադադար պարտադրել եւ այս երկու շաբաթվա խաղերի ընթացքում փորձել հասնել հարցի դիվանագիտական այնպիսի կարգավորման, որը կբավարարեր եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանությունների ընդհանրական պահանջները:

Սիրիայում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանություններն այնքան ուժեղ չեն, որ կարողանան վերացնել ընդդիմությանը եւ այնքան թույլ չեն, որ իրենց վերացնեն: Սա նշանակում է, որ հակամարտությունը դեռ երկար կարող է շարունակվել եւ հյուծել երկիրը:

Միգուցե որպես շահագրգիռ կողմ Հայաստանը առաջարկեր այդ օլիմպիական զինադադարի գաղափարը: Կարծում եմ՝ դեռ ուշ չէ…»,- գրել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ