News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարող կոալիցիայից դուրս գտնվող քաղաքական ուժերը դժվար թե համաձայնության գան եւ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀԱԿ-ը միավորվեն եւ մեկ միասնական թեկնածու առաջադրեն 2013թ. նախագահական ընտրություններում։

Սարգսյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» միջեւ սկսված «հակամարտությունը» նման հնարավորությունը հարցականի տակ են դնում։ «Այս հարցում ամեն ինչ կպայմանավորի «Բարգավաճ Հայաստանը», որպես ամենածանրակշիռ ուժ։ «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունը, որը սկսվել է դեռեւս ԱԺ ընտրություններում միասնական շտաբի ձեւավորման ընթացքում, նման կանխատեսման կողմ խոսող եւս մեկ փաստարկ է»,- նկատեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքական կուրսին եւ հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն սեփական թեկնածու առաջադրի նախագահական ընտրություններում, ապա, փորձագետի կարծիքով, դա կախված է «քաղաքական առեւտրի արդյունքից», որը ընթանում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ։ «Իրեն «կառուցողական այլընտրանք» հայտարարած ԲՀԿ-ի այսօրվա դիրքորոշումը առեւտրի, որ սկսվել է դեռեւս ընտրություններից անմիջապես հետո, արդյունք է։ Ոչ-ոք չէր թաքցնում, որ երկու կուսակցությունների միջեւ բանակցություններ են ընթանում, սակայն այդ բանակցությունների քննարկման առարկայի մասին, ոչ ոք այդպես էլ չարտահայտվեց։ Արդյունքում՝ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից։ Այնպես որ ամեն ինչ կախված է բանակցությունների հետագա ընթացքից։»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ին ոչ մի կերպ ընդդիմադիր դաշտի կուսակցություն չի կարելի համարել։ «Այս ուժը երբեք չի հայտարարել, որ ընդդիմադիր է, սակայն դրա կարիքն էլ չունի։ Այսօր խորհրդարանում միայնակ իշխում է ՀՀԿ-ն, նրան այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ԲՀԿ-ն, հարկավոր չեն։ Այս դեպքում ինչո՞ւ է նրանց միջեւ բանակցություն ընթանում, որպեսզի ԲՀԿ-ն աջակցի նախագահական ընտրություններում։ Եվ այստեղ ՀՀԿ-ն ունի օգնության կարիք, իսկ ԲՀԿ-ն փորձում է, որքան հնարավոր է թանկ վաճառել իր աջակցությունը։ Կոալիցիայից դուրս գալը հավասարազոր չէ ընդդիմադիր դառնալուն։ Պարզապես ԲՀԿ-ն հայտարարել է իր դժգոհության մասին, մասնավորապես՝ կառավարությունից, եւ հռչակել է իրեն «պահեստային խաղացող», ինչպես ֆուտբոլում է»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ ավելացնելով, որ նման իրողություն հնարավոր է միայն Հայաստանի նման երկրներում։

Փորձագետը նաեւ սահմանում տվեց իրավիճակին՝ բնականոն իրավիճակ՝ անբնական համակարգում։ « Սա քաղաքական դաշտի օլիգարխիկ տիպի կառուցվածք է, որում հնարավոր է դասական քաղաքագիտական դասակարգումներով չբացատրվող իրողություններ։ Այսօր ԲՀԿ-ն իշխանության մի մաս է, որը իշխանության մյուս թեւին իր հավակնությունների մասին է հայտարարել։ Իշխանությունը մի ամբողջականություն չէ, սակայն ակնհայտ դիմակայություն էլ այստեղ չկա, սա պարզապես իշխանական կլանների միջեւ ընթացող գործընթացներ են»,- նշեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ