News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային կառույցները պետք է ավելի խստացնեն հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Արմենպրեսսի» հետ զրույցում:

Նախարարի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համապատասխան կազմակերպությունները եւ միջազգային բոլոր կառույցները պետք է վերահսկողության տակ վերցնեն ընդհանուր տարածաշրջանային իրադարձությունները, եւ մանավանդ` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Նորություն չէ, որ խախտումները եւ սադրանքներն Ադրբեջանի կողմից են: Անընդունելի է, որ ադրբեջանական կողմը, հաշվի չառնելով այդ հզոր տերությունների կողմից իրականացվող վերահսկողությունը, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Վերահսկողությունը պետք է ավելի խստացվի, ստեղծվի փոխվստահության մթնոլորտ, որպեսզի ԼՂ համակարտության կարգավորման բանակցային գործընթացն ավելի առաջ ընթանա»,- նշեց Օհանյանը:

Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ Պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել այդ գործընթացին մասնակցելու համար: «Համանախագահները ներկայացրել են առաջարկություն` սահմանային միջադեպերի հետաքննության ուղղությամբ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար: Բայց այստեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ սահմանային մոնիթորինգներ իրականացնող խմբի ֆինանսական հարցերն են: Անհրաժեշտ են նաեւ համապատասխան մասնագետ-փորձագետներ, ովքեր պետք է կարողանան տեղում արագ արձագանքել միջադեպերին: Մենք մեր պատրաստակամությունն այդ գործընթացի նկատմամբ հայտնել ենք»,- ավելացրեց նախարարը:

Ադրբեջանական սահմանին մոտ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերն ու ՀՀ Տավուշի մարզի մի շարք գյուղերն առհասարակ ադրբեջանական կողմի մշտական նշանառության տակ են: Հատկապես վերջին մի քանի ամիսներին ավելի շատ են կրակոցները մարզի Ներքին Կարմրաղբյուր, Չինարի, Այգեպար, Մովսես, Դովեղ գյուղերում հայ դիրքապահների եւ անգամ` խաղաղ բնակչության ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումից հետո հայկական համայնքների ղեկավարները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներին ներկայացրել են իրենց համայնքներում տիրող իրավիճակը, խոսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ խաղաղ բնակչությանն ուղղված ադրբեջանական կրակահերթերի ու սադրանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ