News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը խորապես մտահոգված է Սիրիայում մեր հայրենակիցների ճակատագրով , ովքեր իրեց եռանդն ու միջոցները ներդրել են, իրեց իսկ խոսքով ասած, իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը ՝ դառնալով Սիրիայի արժանավոր քաղաքացիներ։ Այդ մասին ասվում է ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանի հայտարարության մեջ:

«Քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով այսօր նրանք հայտնվել են դժվարին կացության մեջ եւ բնականաբար հայացքը ուղղել են մայր Հայրենիքին։Ահավասիք՝ մեր ժողովուրդը եւ հատկապես գործարարներս  չենք կարող անհաղորդ մնալ նրանց հոգսերին ու խնդիրներին, ինչի առնչությամբ Միությունը կոչով դիմել էր հայ գործարարներին իրենց վերաբերմունքն արտահայտելու։ Եվ մեր Միության անդամները, հայ գործարարի բարոյական կերպարին յուրահատուկ պատվախնդրությամբ, պատրաստակամություն են հայտնել եղբայրական ձեռք մեկնելու սիրիահայերին, ովքեր Սփյուռքում միշտ էլ զորավիգ են եղել Հայաստանում իրականացվող հայրենաշեն ծրագրերին։

Բնականաբար՝ Հայաստան եկող հատկապես գործարարների համար առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը, որի նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ընդունեց գործնական որոշում։ Միության անդամները միակարծիք պատրաստակամություն հայտնեցին աջակցել մեր հայրենակիցներին ամենատարբեր ոլորտներում՝

.Տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար

. Խորհրդատվությամբ, Միության կապերն ու մյուս լծակները օգտագործելով՝ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու ,նրանց գործող  բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում

.Աջակցել   Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար եւ բարոյահոգեբանական մթնոլորտին

.Կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար

.Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններին՝ նոր իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու համար

.Անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում։

Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները եւ առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարությունների եւ խնդրին առնչվող  պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ