News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգեւոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ի դեմս եզդիների հոգեւոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված եղբայրական հարաբերություններին` նշելով նաեւ, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին:

Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարեւորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին, տեղեկացնում են մայր Աթոռից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ