News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2012թ. աշխարհի  լավագույն համալսարանների վարկանշային ցուցակը The Times թերթի վարկածով կրկին գլխավորել է Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը:

Երկրորդ տեղը կիսում են Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանը, ԱՄՆ-ում` Սթենդֆորդը: Չորրորդ հորիզոնական է իջել Հարվարդը, հինգերորդը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT):

Պրինսթոնի համալսարանը վեցերորդ տեղում է, Քեմբրիջը` 7-րդ, Լոնդոնի կայսրական քոլեջը` 8-րդ: Բերքլիում Քալիֆորնիայի համալսարանն 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Առաջատարների տասնյակը եզրափակում է Չիկագոյի համալսարանը:

Հարկ է նշել, որ վարկանիշում հիմնական տեղերը զբաղեցնում են ամերիկյան բուհերը. դրանց թիվը 76 է: Հաջորդում են բրիտանականները: Ցուցակում նշված են նաեւ Ավստրալիայի, Գերմանիայի, Կանադայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսրայելի, Դանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Բրազիլիայի բուհերը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ առաջընթաց է գրանցվել Արեւելքում: Այսպես, ամերիկյան 51 համալսարանների վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է, միաժամանակ աճել է Չինաստանի առաջատար երկու բուհերինը. Պեկինի համալսարանը 49-րդ տեղից հասել է 46-րդին, իսկ Ցինխուայի համալսարանը միանգամից 19 հորիզոնական բարձրացել է` 71-րդ տեղից հասնելով  52-ին:

Դիրքերն ամրապնդել են նաեւ Սինգապուրի բուհերը. Սինգապուրի Ազգային համալսարանը 40-րդից հասել է 29-ին, Նանյանգի տեխնոլոգիական համալսարանն էլ` 169-րդից  86-ին: Ամենահաջողված ասիական բուհը դարձել է Տոկիոյի համալսարանը` զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ռուսական բուհերը կրկին չեն ընդգրկվել թոփ 200-ում: Մոսկվայի պետական համալսարանը 216-րդ տեղում է, իսկ Մոսկվայի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտը 226-250-րդ տեղերը զբաղեցնող բուհերի ցանկում է: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը նույնիսկ 400 լավագույնների ցուցակում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ