News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրացական Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլը շարունակվում է, եւ եթե շաբաթ օրը դեռ շարունակում էին աշխատել կառամատույցն ու նավերի մուտքն ու ելքն ապահովող ծառայությունը, ապա նրանք նույնպես միացել են գործադուլավորներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` նշելով, որ Փոթի նավահանգիստն ամբողջովին չի աշխատում:

Աղաջանյանի խոսքով, խնդիր է առաջացել արտահանվող բեռների հետ կապված: «Դեռեւս շաբաթ առավոտյան Փոթի նավահանգստում եղել է 129 կոնտեյներ: Այսօրվա դրությամբ դրանց թիվն ավելացել է: Միայն մեր ընկերությունը Փոթիում ունի 180 կոնտեյներ, իսկ նրանց ընդհանուր թիվը 300 է»:

Աղաջանյանի խոսքով, նրանք համաձայնություն են տվել, որպեսզի արդեն երրորդ նավը բեռնաթափվի Բաթումիի նավահանգստում: Փոթիի փոխարեն նավերը կբեռնաթափվեն Բաթումիում, սակայն, Աղաջանյանի խոսքով, այս դեպքում մեկ այլ խնդիր է առաջանում: «Բաթումիի նավահանգիստը նախատեսված չէ նավերի բեռնաթափման համար: Բացի այդ Բաթումիի նավահանգստում լուրջ խնդիր է առաջանում բեռների կուտակման հարցում, քանի որ այնտեղ չկան տերմինալներ»: Ներկայումս բանակցություններ են ընթանում վրացական կողմի հետ, որպեսզի հնարավորություն ստեղծվի արագ կերպով Բաթումիի նավահագստից դուրս բերվեն բեռները, հակառակ դեպքում. «Այնտեղ բեռների կուտակումներ կառաջանան եւ նավահանգիստը պարզապես կուլ կգնա»:

Ինչ վերաբերում է Բաթումիի նավահանգստից բեռնափոխադրման գներին, ապա Աղաջանյանի խոսքով, Փոթիից եւ Բաթումիից մեկ կոնտեյների տեղափոխման տարիֆը շատ չեն տարբերվում: Գոյություն ունի Փոթիից Հայաստան տեղափոխման հատուկ տարիֆ, սակայն Բաթումիից Երեւան տեղափոխման տարիֆ չկա, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Նրա խոսքով, բանակցություններ են ընթանում «Վրացական երկաթգիծ» ընկերության հետ այն նույն տարիֆը պահպանելու համար, որը գործում է Փոթի-Երեւան գնացքի համար: «Մենք մեր հիմքերն ունենք ենթադրելու, որ այդ առաջարկը կընդունվի, եւ տարիֆը կփոփոխվի աննշան չափով: Տեղի ունեցող դեպքերը ոչ մի կերպ չեն անդրադառնա առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Եթե նման բան տեղի ունենա, ապա մարդիկ պարզապես կօգտվեն ստեղծված իրավիճակից»

Նշենք, որ Փոթի ծովային նավահանգստի աշխատակիցները նոյեմբերի 1-ից անժամկետ գործադուլ են հայտարարել` հայտնելով, որ չեն դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ աշխատավարձերի բարձրացման եւ աշխատանքային պայմանների բարելավման իրենց պահանջները չեն բավարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ