News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու  բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները:

Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների եւ մինչեւ 7 տարեկան երեխաների ուղեգրման եւ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է  ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երեւանի բնակիչը` Երեւանում: Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը։ 

ՀՀ առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների եւ երեխաների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության եւ մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների:

Դերենիկ Դումանյանը կարեւորեց տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։

Մարզպետարանների առողջապահության  պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաեւ ներկայացրեցին նախարարի հրամանով Երեւանի բազմապրոֆիլ  բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։

Տպել
Ամենաշատ