News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիլիկոնային հովտում այսօր` դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում «Սովորելով անցյալից եւ կերտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության եւ բնապահպանական ճարտարագիտության  ֆակուլտետը: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս  համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի եւ ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ Հայաստանից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները եւ ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:  «ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատը եւ Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):

«ԱրմԹեք» 2012 համաժողովի  շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձեւաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաեւ կազմակերպման աշխատանքների իրականացմանը:

Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել եւ քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները: «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում. Վերջին զարգացումներն ու հաջողության պատմությունները» խորագիրը կրող առաջին քննարկումը կվարի Միացյալ Նահանգներում հայտնի գրող եւ սյունակագիր Մայքլ Մելոունը: Քննարկման հյուրերը կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» (Synopsys), «Ինթել» (Intel) եւ «Դե-Լինք» (D-Link) կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարներ: «Հետազոտություններ, նորարարություն եւ մասնագիտական աճ» խորագրով երկրորդ քննարկման հյուրերը կլինեն պրոֆեսորներ եւ տնօրեններ Սթենֆորդի եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններից, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնից եւ «Լույս» հիմնադրամից: Երրորդ քննարկումը կկոչվի «Բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները», որի բանախոսները կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Համահայկական բանկի, Զարգացման հայկական գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենները, «Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Փոլ Դեյվիսը եւ «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» կազմակերպության կողմից կառավարվող «Կովկասի աճի ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը: Չորրորդ քննարկումը կանցկացվի «Նայելով առաջ. մարտահրավերներ, հնարավորություններ, գործոններ եւ հաջողություններ» խորագրի ներքո: Բանախոսները կլինեն «Փի-Դի-Էֆ Սոլյուշընս» (PDF Solutions), «Սոուրսիո» (Sourcio), «Նեշնըլ Ինսթրումենթս Արմենիա» (National Instruments Armenia), «Մոթորոլա Մոբիլիթի» (Motorola Mobility) եւ «Սիսկո» (Cisco) ընկերությունների առաջատար փորձագետներ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության եւ եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ