News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները երկար ժամանակ է զարգանում են եւ միայն կարող են բարելավվել, քանի որ երկու կողմն էլ շահագրգռված են դրանում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Երեւանում իր հայ, լեհ եւ շվեդ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը: Ըստ նրա՝ ԵՄ-ում տարածաշրջանի զարգացման ռազմավարական շահագրգռվածություն կա, իսկ համատեղ ջանքերը կծառայեն այդ նպատակի իրագործմանը:

Իր հերթին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հիշեցրել է, որ իր երկիրը Շվեդիայի հետ միասին «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողներից է: Նա նշել է, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը հեշտացնելու մասին համաձայնագրի ստորագրումը, եւ Հայաստանին կոչ է արել անել հնարավորը, որպեսզի Ասոցացման մասին համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններն ավարտվեն նախքան հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելիք  «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: Միաժամանակ նա դրական է արտահայտվել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

Լեհաստանի արտգործնախարարը, անդրադառնալով լեհ եւ հայ ժողովուրդների հարաբերություններին, նշել է, որ հայերը Լեհաստանում բնակվում են միջին դարերից ի վեր:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլտը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է՝ «իր յուրահատկություններով»: Նա նաեւ տեղեկացրել է, որ Երեւանից առաջ Բաքու եւ Թբիլիսի այցերի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների առաջընթացի վերաբերյալ հարցին ի պատասխան դիվանագետը հույս  է հայտնել, որ մինչեւ վիլնյուսյան գագաթաժողովը Հայաստանը, Մոլդովան եւ, հնարավոր է, Ռուսաստանը պատրաստ կլինեն Ասոցացման  եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ