News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ամանորյա բուռն նախապատրաստությունները ընթացքի մեջ են, եւ մինչ հայերի մի մասը գնումների վերջին շտրիխներ են ավելացնում, մյուսները ճամպրուկներն են դասավորում` արտերկիր կամ Հայաստանում որեւէ տեղ մեկնելու եւ Ամանորն անցկացնելու համար: NEWS.am-ը փոքր հարցում է անցկացրել տուրիստական գործակալությունների շրջանում` փորձելով պարզել, թե այս Ամանորին որտեղ են մեկնում հայերը, ինչ գներ են եւ այլն:

Հայաստանում ամանորյա հանգիստը անցկացնել ցանկացողները հիմնականում գնում են Ծաղկաձոր, Դիլիջան, Աղվերան, Ջերմուկ, Հանքավան եւ այլն: Բոլոր տուրիստական գործակալություններում շեշտեցին, որ Ամանորին տեղեր պետք է պատվիրել դեռեւս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ դեկտեմբերին ազատ տեղեր գրեթե չեն մնացել, եղածներն էլ` բավականին թանկ են:

Տուրգործակալությունների աշխատակիցները նաեւ փաստեցին, որ տարեցտարի Հայաստանում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են Ամանորին ինչ-որ տեղ գնալ եւ այն չնշել տանը: Պատճառը պարզ է, նրանք հոգնել են տոներն անցկացնել վազվզոցի մեջ, խոհանոցում, հյուր գնալով ու ընդունելով եւ ցանկանում են վայելել իրենց հանգստյան օրերը: Մեկ ընդհանրություն եւս, բոլոր տուրգործակալություններում նշեցին, որ Ամանորն Հայաստանում անցկացնելու համար դիմողներ արտերկրից դեռ չեն եղել:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալության  տնօրեն Ռիմա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայերի մոտ 70 տոկոսը այս տարի հանգստանում է Հայաստանում: Պետության կողմից հատկացված սոցիալական փաթեթների շնորհիվ մարդիկ օգտվում են տոնական փաթեթներից եւ մեկնում են հանգստանալու հայաստանյան հանգստավայրեր: «Պետական փաթեթները շատ նպաստեցին տուրիզմի զարգացմանը: Այն մարդիկ, ովքեր տարիներով չէին հանգստացել, այդ փաթեթներով հանգստի մեկնեցին եւ հանգստացան»,- ասաց տնօրենը: Հայաստանում մեկ անձի համար 7-օրյա հանգիստը տատանվում է 70-120 հազար դրամի սահմաններում: Այստեղ Ամանորն ու տոն օրերը անցկացնելու առավելությունը ինքնաթիռ չնստելն է, հատկապես` չվերթներից խուսափող անձանց համար, ինչպես նաեւ ժամանակ խնայելը: «Մարդիկ խուսափում են Ամանորը տանը անցկացնել. փախչում են նախապատրաստություններից, քանի որ տոները եւ հանգստյան օրերը ավարտվում են, իսկ իրենք նորից հոգնած աշխատանքի են գնում»,- ասաց Ռիմա Խաչատրյանը:

«Դոլչե» տուրգործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց դիմող Հայաստանում հանգստանալ ցանկացողները հիմնականում մեկնում են Ծաղկաձոր, Աղվերան, 7-օրյա հանգստի ուղեգիր մեկ հոգու համար սկսվում է 100-120 հազար դրամից եւ կարող է հասնել մինչեւ 300-400 հազար դրամ: Նա եւս փաստեց, որ ովքեր չեն ցանկանում տանը Ամանոր նշել, մեկնում են որեւէ տեղ:

«Ալո» տուրգործակալության օպերատոր Սոնա Ալոյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան հանգստավայրերում 2 հոգու համար 7-օրյա հանգիստը կազմում է 300 հազար դրամ, դրա մեջ մտնում է նաեւ Ամանորյա շոու ծրագիրը:

«Դուբայտուր» գործակալության մենեջեր Հերմինեն է նշեց, որ հաճախ Ծաղկաձոր, Դիլիջան, Հանքավան, Ջերմուկ հանգստի մեկնում են ընտանիքներով, մեկ անձի համար 7-օրյա հանգիստը այս վայրերում սկսվում է 130 հազար դրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ