News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 25-ին նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ եւ նաեւ, որ 2013 թվականին նրանց բարդ, բայց նաեւ հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի եւ հասարակության առաջընթացին:

«Անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում եւ հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որեւէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, եւ ինչն այդպես տեսանելիորեն դրսեւորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ:

Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք եւ գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով:

Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարեւոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից եւ իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք եւ միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլեւ` տեսանելի ապագան»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ