News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի պետական գույքի կառավարման Մոսկվայի գծով նախկին ղեկավար Անատոլի Շեստերյուկը: Նրան կասկածում են 10 մլրդ ռուբլի ընդհանուր արժեքով  անշարժ գույքի 100 օբյեկտների հափշտակման փորձի մեջ: Շեստերյուկին ձերբակալել են դեկտեմբերի 24-ին: Նույն օրը նրա երեք բնակարաններում եւ նախագահի աշխատակազմի առողջարանի տարածքի առանձնատանը խուզարկություն է կատարվել:

Շեստերյուկը Ռուսաստանի պետական գույքի կառավարման մեքենայությունների գործով երրորդ ձերբակալվածն է: Սեպտեմբերին կալանավորվել էին «Մոսկովյան կապիտալ» բանկի խորհրդի նախկին նախագահ Վիկտոր Կրեստինը եւ «Պրոեկտ» ընկերության փոխտնօրեն Օլգա Վոզնյակը: Եվս մեկ կասկածյալ՝ «Գրան» հաստատության նախկին գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վոլկովը փախել է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Օպերատիվ քննության ընթացքում պարզվել է, որ Կրեստինը եւ Վոզնյակը մասնակցել են մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված 100-ից ավելի պատմամշակութային ժառանգության օբյեկտների հափշտակման փորձին, որոնց մեծ մասը պետության պահպանության տակ է:

Քննության վարկածով՝ չարագործները «Մոսկովյան կապիտալ» բանկում գրավ էին դրել պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները: Բանկի սնանկացումից հետո դրանք օտարման վտանգի առջեւ էին հայտնվել:

Միաժամանակ Դաշնային պետական ունիտար ձեռնարկություններից շատերը հայտարարել  են, որ իրենց աշխատանքից հեռացնելու սպառնալիքով ստիպել են ստորագրել «Մոսկովյան կապիտալ» բանկում օբյեկտների գրավադրման փաստաթղթերը: «Կոմերսանտը» գրում է, որ Շեստերյուկը հրաժարվողներին փոխարինում էր իր օգնականներով, վարորդներով, որոնք առանց ավելորդ խոսքերի ստորագրում էին անհրաժեշտ փաստաթղթերը:

«Նովայա գազետայի» տվյալով՝ Անատոլի Շեստերյուկը Վլադիմիր Պուտինի համակուրսեցին է: Լենինգրադում էլ բնակվել է ապագա նախագահի հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ