News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի  «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ինչպե՞ս կգնահատեք 2012թ ձեր աշխատանքը 5 բալանոց սանդղակով:

Կարծում եմ՝ սխալ կլինի, եթե ես գնահատեմ իմ աշխատանքը: Գնահատականը տալիս է Սփյուռքը, մեր հասարակությունը: Իսկ դատելով սփյուռքյան թերթերի, անհատների, հայտնի կառույցների, համահայկական կազմակերպություների արձագանքներից եւ կարծիքներից՝ կարող եմ ասել, որ նախարարության աշխատանքից նրանք հիմնականում չեն դժգոհում, եւ մեր համագործակցությունը գնալով ոչ թե պակասում, այլ ընդլայնվում եւ խորանում է: Ուրախ եմ, որ համատեղ աշխատանքների հետաքրքիր եւ նոր ձեւեր են ստանում, նոր մակարդակ տեղափոխվում:

Որո՞նք են 2012թ Ձեր եւ Ձեր ղեկավարած կառույցի 3 ձեռքբերումները եւ բացթողումները:

Գլխավոր ձեռքբերումներից  մեկը ես կհամարեի «Սփյուռք» ամառային դպրոցի ստեղծումը: Երբ առաջին անգամ մենք կարողացանք համալսարանի բազայի վրա սփյուռքի համար կանոնակարգված դասընթացներ ստեղծել հինգ ուղղություններով, իսկ դրանք վերաբերում են եւ կոչված են սփյուռքում հայապահպանության խնդիրները հզորացնելու, ուղղված են առավելապես երիտասարդությանը: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թվաքանակը, աշխարհագրությունը եւ գործունեությունը իրոք տպավորիչ է եղել: Երկրորդ ձեռքբերում կարող եմ համարել «Իմ Հայաստան» փառատոնը: Այն տարբերվում էր մյուս փառատոններից իր որակով, մասշտաբով, մասնակիցների թվով, տեսակով ու ձեւաչափով: Ընդհանուր առմամբ երեք հազարից ավելի մարդիկ մասնակցեցին փառատոնին, տեւողությունը վեց-յոթ ամիս էր: Հատկանշական է, որ սփյուռքյան երգի, պարի համույթները, անհատ կատարողները, որոնք ջանքեր են գործադրում տարբեր երկրներում  օտար մշակույթների ներազդեցության պայմաններում հիմնականում հայեցի մշակույթ են ստեղծում, հնարավոորւթյուն ունեցան ներկայանալ Հայաստանում՝ հայրենիքում յուրօրինակ հաշվետվություն տալով: Երրորդ կարեւորագույն ձեռքբերումը ես կհամարեի բարձր տեխնոլոգիաների օգտագործումը համայնքների հետ աշխատանքում, որովհետեւ մենք կարողացանք տարբեր ձեւերով՝ հեռակոնֆերանսների, հեռուստահաղորդումների, կայքերի միջոցով Սփյուռքն ավելի մոտեցնել Հայրենիքին, Սփյուռքի մեր հայրենակիցներին մասնակից դարձնել մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն երեւույթներին: Համացանցի շնորհիվ էր, որ մենք կարողացանք քառասունից ավելի երկրների հայկական համայնքներին մեկ-երկու օրերի ընթացքում համախմբել, ցույցեր, ստորագրահավաքներ կազմակերպել տմարդի մարդասպանի արտահանձնման դեմ: Ընդամենը մի քանի օրում մենք կարողացանք հայկական համայնքներին ոգեւորել, ուժ տալ՝ Մանկական Եվրատեսիլի ժամանակ մասնակցության ու քվեարկության կոչ անելով: Նշված նախաձեռնությունների շնորհիվ Հայերնիքի ու Սփյուռքի միջեւ կապը նկատելիորեն արդյունավետ է դարձել, եւ Հայրենիքից գնացող ազդակներին մեր հայրենակիցները շատ ավելի ակտիվ են արձագանքում: Պետք է փաստել. նախարարությունը կայացել է, իրենցն է, սա նշանակում է, որ հայոց պետական կառավարման համակարգում սփյուռքն ունի իր ձայնը, խոսքը, ասելիքը, ինչը չափազանց կարեւոր է: Ընդունենք, որ ցանկացած աշխատանքի ընթացքում միշտ էլ թերացումներ լինում են: Ոչ որպես թերացում, այլ որպես դժվարություն կարող եմ ներկայացնել այն հանգամանքը, որ որ մեր սահմանափակ բյուջեի պայմաններում մեծացել է տարբեր ծրագերրին մասնակիցների թիվը, իսկ դա կաշկանդում է մեզ, քանի որ մենք գործ ունենք յոթ միլիոն մարդու հետ, երբեմն աննախադեպ մեծության են հասնում տարբեր ծրագրերին մասնակցել ցանկացողների թիվը: Բյուջեով նախատեսված է մի բան, մասնակցել ցանկացողների թիվն այլ է, մենք չենք կարող մերժել մասնակցել ցանկացողներին, մինչդեռ անհրաժեշտ գումարները բացակայում են: Կարեւոր բացթողում եմ համարում լրատվական ոլորտի հետ աշխատանքը, գտնում եմ, որ նախարարության գործունեությունն ամբողջովին պետք է լուսաբանվի, որովհետեւ դրսում գտնվող մարդը չի կարող իմանալ, թե մեր առանձնասենյակներում մենք ինչ գործունեություն ենք ծավալում, անհրաժեշտություն է հեռուստատեսության, եւ հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Նշեք 2013թ  երեք ամենակարեւոր անելիքները: 

Առաջին գլխավոր անելիքը, մայրենի լեզվի ուղղված քարոզչությունն է, ավելի շատ երիտասարդների հայրենիքի հետ կապելը, մեկօրյա դպրոցների բացումը, մայրենի լեզվի պահպանման ու տարածման խնդիր կարեւորագույն հարցը պիտի լինի, երկրորդ անելիքը՝  «Սփյուռք» ամառային դպրոցը վերջնականապես կայացնելն է:  Ես կարծում եմ, որ հայ ազգը կրթությանը զուգահեռ պետք է առողջ լինի: Պետք է ծխախոտի դեմ պայքար ծավալենք, «Հայ ժողովուրդն առանց ծխախոտի» շարժումը պետք է ահագնացնենք,  տարածենք, կարծում եմ սփյուռքի նախարարությունն այստեղ անելիք ունի՝ այլ գերատեսչությունների հետ համատեղ եւ ուրախալի է, որ մեզ միացել է «Գրանդ Տոբակոն» եւ պարոն Հրանտ Վարդանյանը: Սակայն ամենագլխավոր հարցերն այն են, որ մենք շարունակելու ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկների, շարժումների, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման հարցին միտված գործընթացների խթանումը, հայկական լոբբիստական կազմակերպություններին այս հարցերի ընթացքին առավել ներգրավելու գործընթացը եւ հատկապես այլակրոն հայերի շրջանում ազգային գիտակցության արթնացումը:

Վերջին շրջանում Սփյուռքի նախարարության առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը սիրիահայերի հարցն է: Բավարար ջանքե՞ր եք գործադրել, որպեսզի նրանք այստեղ ուրախ Ամանոր դիմավորեն:

Համաձայն եմ, որ մեր գերխնդիրը վերջին ամիսներին դարձել է սիրիահայերի հիմնահարցերի լուծումը: Մենք նրանց խնդիրները դարձրել ենք մերը, ազգովի եւ հատկապես պետության ներսում պետք է շատ օգնենք, աջակցենք, որ հաստատվեն հայրենիքում: Այսօր Հայաստանում գտնվող սիրիահայերն իրոք հոգեպես փխրուն են ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց խորթ չզգան: Դա  պատճառը, որ նախագահի հանձնարարությամբ մենք բոլոր օրենքները, որոշումները փոխեցինք այնպես, որ մոտ երկու միլիոն դոլլարի սահամններում նրանց զեղչեցինք եւ զիջեցինք բոլոր մաքսային տուրքերը, հարկերը, պետական տուրքերը, արեցինք այնպես, որ պետության հետ հարաբերվելիս նրանք որեւէ ֆինանսական պարտավորություն չունենան, դժվարությունների չհանդիպեն: Ամեն ինչ լինի առավելագույնս մատչելի եւ ընկալելի:  Առաջիկա օրերին տարին ենք ամփոփում, եւ ակնկալում ենք, որ եկող տարին շատ ավելի լավը պիտի լինի նաեւ այստեղ ապրող սիրիահայերի համար: Հանարպետության նախագահի պալատում կազմակերպվող տոնածառի հանդեսին կմասնակցեն սիրիական դպրոցի երեխաները, ինչպես նաեւ տարբեր վարչական շրջաններում՝ Կենտրոն, Արաբկիր համայնքներում նրանց համար տոնակատարություններ կկազմակերպվեն, իսկ հունվարի 3-ին շուրջ 600 երեխաներ Արամ Խաչատրյան դահլիճում կվայելեն Նոր տարվա հանդես: Նախարարությունը մտադիր է սիրիահայերի համար  ամանորյա միջոցառում եւս կազմակերպել: Տարբեր բարեգործական կազմակերպություններ Սիրիայում մնացած երեխաներին  փաթեթներ եւ քաղցրավենիք է բաժանում, միջազգային կառույցների հետ ենք ծրագրել մի շարք անելիքներ: Պետք է նշեմ, որ բոլոր հնարավոր ձեռնարկներում սիրիահայերին մասնակից ենք դարձնում:

Որպես հայ կին՝  ինչո՞վ առանձնացավ այս տարին ձեզ համար:

Դժվար հարց եք տալիս, աշխատանքով այնքան ծանրաբեռնված եմ, որ հանգստի, մոդային հետեւելու ժամանակ գրեթե չունեմ: Աշխատել եմ, ավելի շատ, քան նախորդ տարի, որովհետեւ եւ՛ ծրագրերն էին շատ, եւ՛ սիրիական հիմնախնդիրն առաջ եկավ:

Հաջորդ հարցն էլ Ամանորի վերաբերյալ: Ինչպե՞ս եք անցկացնում Ամանորը, ո՞ւմ հետ, ի՞նչ եք խնդրելու Ձմեռ պապիկից: Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը, ամանորյա ո՞ր նախապատրաստական աշխատանքներին եք մասնակցում` սալաթ կտրել, գնումներ անել:

Ընդհանուր առմամբ տարիներ շարունակ, ինչքան ինձ հիշում եմ, մենք ընտանիքում ենք անցկացրել Նոր տարին: Խիստ ցավալի է, որ արդեն երկրորդ տարին է, որ հայրս մեզ հետ չի լինելու:  Նոր տարին ընտանեկան տոն ենք համարում, մեր տանը, որը  եւ հայրական է եւ նահապետական, հավաքվում են բոլոր երեխաները, թոռները, ծոռները եւ նոր տարվա երեկոյան, մորս կողքին ենք լինում: Մենք չափավոր մարդիկ ենք, ճոխություններն ու ավելորդությունները համահունչ չեն մեր կենցաղին ու բնույթին:  Մեր սեղանին լինում են «քյավառյան» խոհանոցին բնորոշ ավանդական խորտիկները՝ քյուֆթան, ձուկը եւ փախլավան: Չեմ հիշում նոր տարի՝ այս խորտիկների բացակայությամբ:  Եվ քանի որ մայրս տարեց է, այդ օրերին էլ ես տանն եմ լինում, հիմնական գործն իմ ուսերին է՝ գնումներ կատարել, սեղան հարդարել, պատրաստել, հյուրասիրել, ինչն անում եմ մեծագույն հաճույքով:

Մի հետաքրքիր դրվագ կհիշեք Ամանորի հետ կապված: Օրինակ` փոքր ժամանակ ի՞նչ էիք արտասանում Ձմեռ պապիկից տոպրակ ստանալու համար, մորուքից քաշե՞լ եք, Ձմեռ պապիկի գոյությանը հավատո՞ւմ էիք կամ եք: Երբեւէ Ձյունանուշի դերում եղե՞լ եք:

Ինչպես բոլոր երեխաները, սիրել եմ, սպասել եմ, հավատացել եմ Ձմեռ Պապիկին: Մենք ամեն առավոտ կանուխ մեր բարձի տակ գտնում էինք տոպրակներ, մայրս շատ ուշադիր էր, մեր մանկության ժամանակ խաղալիքներ չկային, մենք քաղցրավենիք էինք գտնում: Ամանորյա տոնահանդեսներին արտասանել եմ, քանի որ մանկուց շատ եմ սիրել բանաստեղծություններ, հատորներով անգիր գիտեի… Որքան էլ զարմանալի է, Ձմեռ Պապիկ եմ եղել, ոչ՝ Ձյունանուշիկ, քանի որ շատ բարձարահասակ էի, իմ տարեկիցների շրջապատում, ձայնս էլ խրոխտ էր… Մանկական տարիքը միշտ էլ հաճելի է, անմեղ է, անկախ նրանից, թե ինչ պայմաններում ես ապրել: Ես հաճույքով եմ հիշում իմ մանկության տարիները:

Ձմեռ պապիկից խնդրելու եմ խաղաղություն, առաջին հերթին Սիրիայի համար, խնդրելու եմ, որ մեր երկրում, մեր տարածքում խաղաղություն եւ կայունություն լինի, չէի ուզենա, որ որեւէ մայր որդեկորույս լիներ, որեւէ անմեղ մարդու արյուն թափվեր, որբեր լինեին, կուզենայի որ իմ շրջապատում մարդիկ ավելի բարի, ներող դառնան, ավելի նվիրված լինեն, սիրեն իրենց հայրեիքը, պետությունը, ազգը, շրջապատը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ