News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ճանպարհային երթեւեկության կանոները խախտած եւ մարդու մահվան պատճառ հանդիսացած 46-ամյա Հմայակ Միքայելյանը  դատարապարտվել է 4 տարվա ազատազրկման: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա դեմ հարուցված գործի քննությունը ավարտվել է, առկա է դատավճիռ: Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, ամբաստանյալ Հմայակ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Դատարանը որոշել է նաեւ նրան զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով։ Պատիժ նշանակելիս դատարանի համար ծանրացնող հանգամանք է հանդիսացել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, իսկ մեղմացնող էր

նրա խնամքին մինչեւ 14 տարեկան երկու երեխա ունենալը, անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը։ Դատարանը որոշել է նաեւ որպես դատական ծախս ամբաստանյալ Հմայակ Միքայելյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 278.372 դրամ գումար՝ քրեական գործով իրականացված փորձաքննությունների վրա ծախսված գումարի չափով։ Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը «Մերսեդես Բենց Տ 500» մակնիշի 80 DD 077 ավտոմեքենայի սեփականատեր Սոֆի Դեւոյանին ներկայացրել է վնասի հատուցման մասին հայցապահանջ՝ որպես հանգուցյալ Սամվել Աբրահամյանի թաղման ծախս 1.802.545 ՀՀ դրամ եւ 400.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս բռնագանձելու, ինչպես նաեւ՝ որպես տուժող Նորայր Սիմոնյանի հետագա վիրահատության ծախս 180.000 ՀՀ դրամ եւ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս 120.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով։ Տուժող Արա Գեւորգյանի ներկայացուցիչ Վարդիթեր Բարսեղյանը ներկայացրել է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր Սոֆի Դեւոյանից հօգուտ տուժող Արա Գեւորգյանի 662.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցապահանջ՝ որպես վթարի հետեւանքով տուժողին պատճառված գույքային վնասի փոխհատուցման գումար։ Որոշվել է պատճառված գույքային վնասի հատուցման գումար բռնագանձելու մասով տուժող կողմի ներկայացրած հայցերը թողնել առանց քննության, տուժողներին իրավունք վերապահել ավտոմեքենայի սեփականատիրոջ նկատմամբ գույքային պահանջի հայցով դիմել դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կարգով։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Հմայակ Միքայելյանը հունիսի 3-ին, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով, կատարելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ,ստեղծել է վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջեւի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա Գեւորգյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով անզգուշությամբ վերջինիս վարորդ Ա. Գեւորգյանին եւ ուղեւոր Ն. Սիմոնյանին պատճառել է ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւոր Ս. Աբրահամյանին՝ մահ: Սոֆի Դեւոյանի վարորդը շարունակում է կալանավորված մնալ: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ»,-նշել էր Սոֆի Դեւոյանը: 

Տպել
Ամենաշատ