Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Հմայակ Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունվել նոյեմբերի 8-ին, առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Հմայակ Միքայելյանը հունիսի 3-ին, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով, կատարելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ,ստեղծել է վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջեւի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա Գեւորգյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով անզգուշությամբ վերջինիս վարորդ Ա. Գեւորգյանին եւ ուղեւոր Ն. Սիմոնյանին պատճառել է ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւոր Ս. Աբրահամյանին՝ մահ: Սոֆի Դեւոյանի վարորդը շարունակում է կալանավորված մնալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել էր:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ»,-նշել էր Սոֆի Դեւոյանը:





























