Նավահանգիստը Նինբոյի գլխավոր ռեսուրսն է, իսկ բաց լինելը՝ նրա հիմնական առավելությունը։ Դրա մասին նոյեմբերի 3-ին «Աշխարհի քաղաքապետերի երկխոսություն. Նինբո 2026» միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Չժեցզյան նահանգային կոմիտեի քարտուղարի տեղակալ և Նինբո քաղաքի կոմիտեի քարտուղար Վան Չենը։ Նա նշել է, որ 2025 թվականին քաղաքի համախառն տարածաշրջանային արդյունքը հասել է 2,62 տրիլիոն յուանի՝ Նինբոյի համար ամրագրելով 11-րդ տեղը մայրցամաքային Չինաստանի քաղաքների շարքում։ «Մենք մտադիր ենք խորությամբ ուսումնասիրել և կյանքի կոչել պենումի ոգին՝ քաղաքապետերի այս երկխոսությունն օգտագործելով որպես հնարավորություն՝ կենտրոնանալու բարձրորակ զարգացման և համընդհանուր բարեկեցության ցուցադրական գոտու ստեղծման վրա»,– ընդգծել է Նինբոյի կուսակցական քարտուղարը՝ նշելով ընթացիկ տարում տնտեսության և արտաքին առևտրի աճի բարձր տեմպերը։ Վան Չենը միաժամանակ ուշադրություն է հրավիրել հասարակական անվտանգության ոլորտում գրանցված հաջողությունների վրա. «Վերջերս Նինբոն «Անվտանգ Չինաստան» ծրագրի շրջանակում օրինակելի քաղաք է ճանաչվել»։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Սինհուա» գործակալության գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Կայսինը։ «Ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր լուծումներ, քանի որ ոչ մի քաղաք ի վիճակի չէ ինքնուրույն դիմակայել դարաշրջանի փոփոխություններին»,- նշել է Չեն Կայսինը։ Պետական առաջատար գործակալության ներկայացուցիչն ընդգծել է քաղաքների առանցքային դերը՝ որպես ժամանակակից տնտեսության և գլոբալ կառավարման հիմնարար հենարան։ «Պահպանել անցյալի և ներկայի մասին գիտելիքները, նավահանգստի միջոցով կապել ամբողջ աշխարհը. դա ոչ միայն Նինբոյի պատմական բնութագիրն է, այլև նրա բացության և հանդուրժողականության ոգու վառ արտացոլումը»,– հավելել է Չեն Կայսինը՝ նշելով, որ «Սինհուա» գործակալությունը կշարունակի համակողմանիորեն աջակցել միջազգային կապերին և մեգապոլիսների միջև անդրսահմանային երկխոսությանը։

Իր հերթին մասնակիցներին դիմել է Օքլենդի (Նոր Զելանդիա) քաղաքապետ Ուեյն Բրաունը։ «Իմ քաղաքի բնակչությունը 2 միլիոն է, որից 300 հազարը չինացիներ են, որոնց մշակույթը, եռանդն ու գործարար ակտիվությունը հզոր խթան են հաղորդում մեր տնտեսությանը»,– հայտարարել է Ուեյն Բրաունը։ Նորզելանդական մեգապոլիսի ղեկավարը պատմել է Չինաստանի տարբեր քաղաքներում բիզնես վարելու իր բազմամյա փորձի մասին և խոր հարգանք հայտնել վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրի տնտեսական զարգացման ուղու նկատմամբ։ «Ես նաև հրատարակել եմ իմ «5-րոպեանոց MBA» գրքի չինարեն թարգմանությունը և հուսով եմ, որ այն այստեղ նույնքան օգտակար կլինի, որքան աշխարհի մյուս տարածաշրջաններում»,– ասել է նորզելանդացի քաղաքական գործիչը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալող կողմին հրավերի համար և նշելով Օքլենդի ու Նինբոյի միջև վաղեմի բարեկամական կապերը։

Նշենք, որ բացման արարողությանը ներկա է նաև NEWS.am-ի թղթակիցը։

Դիանա Առուշանյան, Նինբո