Հնդկաստանի ռազմածովային ուժերն ազատագրել են Սոմալիի ափերի մոտ ծովահենների կողմից գրավված իրանական Azini ձկնորսական նավը և դրա անձնակազմի 20 անդամներին։ Գործողությունը տևել է ավելի քան 48 ժամ և ավարտվել երկուշաբթի՝ Արաբական ծովում, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի՝ գործողությունն իրականացվել է Մումբայից ավելի քան 3 հազար կմ հեռավորության վրա։ Դրան մասնակցել են ռազմանավ, ծովային դիտարկման ինքնաթիռ և ռազմածովային հատուկ ստորաբաժանումներ։ Հատուկջոկատայինների լրացուցիչ խումբ է տեղափոխվել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։
Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող Պունտլենդ ինքնավար շրջանի ծովային ոստիկանության ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ հնդիկ զինվորականները զինաթափել են 12 ենթադրյալ ծովահենների, առգրավել նրանց բջջային հեռախոսները և ազատ արձակել նրանց։ Ավելի ուշ կասկածյալները և անվտանգության ուժերի երկու սոմալիացի աշխատակիցներ ափ են իջել Բանդար Բայլա քաղաքի շրջանում։
Գործակալության զրուցակցի պատմելով՝ նրանցից երեքը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն նա չի հստակեցրել, թե ովքեր են տուժել և ինչ հանգամանքներում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունն ավարտվել է առանց զոհերի և վիրավորների։





























