ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ ամերիկացի զինվորականները նոյեմբերի 2-ի գիշերը հարված են հասցրել Իրանին։ Նա հարձակումը սահմանափակ է անվանել և հայտարարել, որ այն չի նշանակում պատերազմի սկիզբ։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ հարվածի թիրախը եղել է Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզում Իրանի հակաօդային պաշտպանության օբյեկտը։

«Նրանք հակաօդային պաշտպանության օբյեկտ էին կառուցել… Հենց դրա շինարարությունն ավարտվեց, մենք անցած գիշեր շատ լավ հարված հասցրինք դրան»,- հայտարարել է Թրամփը։

Նա հարձակումը բնութագրել է որպես «աննշան հարված» և ընդգծել, որ խոսքը պատերազմի մասին չէ։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթներին գաղտնի սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին, այդ թվում՝ Ղեշմ կղզուն։

Նշվում էր, որ իշխանությունների ներկայացուցիչների մի մասն այդուհանդերձ այս գործողությունները բնութագրել է որպես պաշտպանական. դրանց նպատակն է Իրանին զրկել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա անարգել հարձակվելու հնարավորությունից։