Սիրիայի անվտանգության ուժերը կանխել են Հոմսի նավթավերամշակման գործարանում դիվերսիայի փորձը, որին, իշխանությունների պնդմամբ, առնչություն ունեն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ «կապված անձինք», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը հղում անելով երկրի ուժային կառույցներին։

Նրանց պնդմամբ՝ հետախուզության և անվտանգության ծառայությունների աշխատակիցները կասեցրել են ահաբեկչության նախապատրաստումը, ձերբակալել ենթադրյալ խմբավորման երկու անդամի և առգրավել հարձակման համար նախատեսված պայթուցիկ նյութերը։

Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմսի նավթավերամշակման գործարանը երկրում այս տեսակի միակ գործող ձեռնարկությունն է։ Մյուս գործարանը, որը գտնվում է ծովափնյա Բանիաս քաղաքում, տեխնիկական սպասարկում է անցնում։

Իշխանությունների հայտարարությունը հնչել է Սիրիայի տարբեր շրջաններում նավթամուղերի և գազատարների դեմ մի շարք դիվերսիաների ֆոնին։ Ավելի վաղ Դամասկոսը միաժամանակ հայտնել էր «Հըզբոլլահի» հետ ենթադրաբար առնչություն ունեցող խմբավորումների վերացման մասին։ Շարժումը հերքել էր այդ մեղադրանքները։