Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կաջակցի Վրաստանի՝ եվրոպական ինտեգրման ձգտմանը։ Ըստ նրա՝ հարևան երկրի հաջողությունը կարևոր է ոչ միայն ինքնին, այլև այն առումով, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում սեփական երկրի եվրոպական ուղու հեռանկարները։
Դրա մասին Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով եզրափակիչ հարցին, թե ինչ կոնկրետ պարտավորություն կարող է ստանձնել Հայաստանը՝ կապված Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի հետ։
«Մենք բոլոր ուժերով կաջակցենք Վրաստանին իր եվրոպական ձգտումների իրականացման գործում, քանի որ Վրաստանը թեկնածու երկիր է»,- ասել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը պայմանավորված էր նաև Վրաստանի օրինակով և Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նրա ձգտմամբ։
«Անկեղծ ասած՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը հաստատելու որոշումն ընդունելիս մենք ոգեշնչվել ենք ԵՄ-ի որոշմամբ և եվրոպական հանրության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի վճռականությամբ»,- հայտարարել է վարչապետը։
Ըստ նրա՝ Վրաստանի եվրոպական ուղու առաջընթացն անմիջական նշանակություն ունի հայ հասարակության համար։
«Հայաստանի համար Վրաստանի հաջողությունը շատ կարևոր է նույնիսկ այն տեսանկյունից, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում մեր եվրոպական քաղաքականությունն ու մեր եվրոպական հեռանկարները»,- ընդգծել է Փաշինյանը։





























