Ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելիի գլխավորած կոնսորցիումը մտադիր է ձեռք բերել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության արտասահմանյան ակտիվները՝ սառեցված արժեթղթերն ակտիվների հետ փոխանակելու գործարքի շրջանակում։ Գործարքը կարող է կնքվել առաջիկա շաբաթներին, Reuters-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուր։

Ըստ գործակալության երեք զրուցակցի՝ կոնսորցիումի անունից գործող բանկն արդեն արևմտյան ներդրումային հիմնադրամներից ձեռք է բերել «Լուկօյլի»՝ միլիարդավոր դոլարների սառեցված արժեթղթեր։ Դրանք նախատեսվում է փոխանակել ընկերության արտասահմանյան ակտիվների հետ։

«Լուկօյլի» պորտֆելը ներառում է նավթահանքեր, նավթավերամշակման գործարաններ և ավտոլցակայաններ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Սկզբում դրա արժեքը գնահատվում էր 22 միլիարդ դոլար, սակայն այդ ժամանակվանից ի վեր այն նվազել է, նաև՝ որոշ ակտիվների գործունեության դադարեցման պատճառով։

Կոնսորցիումի կազմում են Բոելին, որը բաժնեմասեր ունի ամերիկյան մարզական թիմերում, մասնավորապես՝ բեյսբոլային Los Angeles Dodgers և բասկետբոլային Los Angeles Lakers ակումբներում, ինչպես նաև ԱՄԷ-ից ներդրողներ՝ International Holding Company-ն և Al Hail Holding-ը։ Հայտին աջակցում են նաև սիրիա-կատարցի Ալ-Հայաթ եղբայրները և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)։

Արտասահմանյան ակտիվների վաճառքը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի՝ «Լուկօյլի» դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո։ Դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժեց ներդրողների մեկ այլ խմբի նախնական առաջարկը՝ համարելով, որ ընկերությունը չպետք է վաճառքից զգալի ֆինանսական օգուտ ստանա։

Բոելիի կոնսորցիումին հաջողվել է առաջընթաց գրանցել բանակցություններում՝ առաջարկելով արժեթղթերը տեղադրել էսքրոու հաշվին, այլ ոչ թե դրանք ուղղակիորեն փոխանցել «Լուկօյլին»։ Սա պետք է սահմանափակի գործարքից միջոցներ ստանալու՝ ընկերության հնարավորությունը։

Reuters-ի տվյալներով՝ կոնսորցիումի բանկը արժեթղթեր է ձեռք բերել ամերիկյան և բրիտանական մոտ տասը ներդրումային հիմնադրամներից, ինչպես նաև ամերիկյան դեպոզիտար բանկերից, որոնք դրանք պահում էին մասնավոր ներդրողների շահերից ելնելով։ Գնման գինը կազմել է անվանական արժեքի յուրաքանչյուր դոլարի դիմաց մոտ 30 ցենտ՝ զգալի զեղչ, որը պայմանավորված է ակտիվների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։

Եթե գործարքը տեղի ունենա, այն ստուգատես կդառնա՝ պարզելու, թե արդյոք արևմտյան պատժամիջոցները ռուսական խոշոր ընկերությանը կարող են ստիպել վաճառել արտասահմանյան ակտիվները՝ միաժամանակ սահմանափակելով Ռուսաստան ֆինանսական մուտքերը։