News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի բնակիչները հունվարի 23-ի ուշ երեկոյան բողոքի զանգվածային ցույց են կազմակերպել, որը շարունակվել է մինչեւ գիշերվա ժամը 2-ը՝ վերաճելով անկարգությունների: Նախնական վարկածով, պատճառը շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքփերովի (աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի եղբայր Ֆիզուլի  Ալեքփերովի)  եւ  տեղացի մի քանի երիտասարդների միջեւ ծագած հակասությունն է եղել: Որոշ տվյալներով, միջադեպին մասնակցել է նաեւ  նախարարի որդին:

Անկարգությունների հետեւանքով մի քանի մարդ է տուժել, գրում է 1news.az-ը:

Շրջանի ոստիկանությունից «ԱՊԱ»-ին հայտնել են, որ ցույցի պատճառը «Չիրագ» հյուրանոցի մենեջեր Էմիլ Շահմարդանովի մասնակցությամբ միջադեպն է եղել: Շահմարդանովի ավտոմեքենան բախվել է սյանը, ինչից հետո կռիվ է սկսվել բնակիչների հետ, որն ավարտվել է հյուրանոցի եւ ավտոմեքենաների հրկիզմամբ:

Դրանից հետո բողոքողներն ուղեւորվել են դեպի գործադիր իշխանության ղեկավարի տուն: Այրել են բակային ոչ մեծ շինություն, բայց տունն այրել չի հաջողվել: Ոստիկանությունը հերքել է միջադեպին Ֆիզուլի Ալեքփերովի որդու մասնակցությունը:

Բողոքողներին հաջողվել է ներխուժել «Չիրագ» հյուրանոցի տարածք, որը պատկանում է գործադիր իշխանության ղեկավար Ն. Ալեքփերովին: Նրանք ավերել են հյուրանոցի սենյակները, այրել շինությունը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկաններ եւ հրշեջներ, որոշ տվյալներով՝ անգամ ներքին զորքերի ուժեր:

Մամուլում լուրեր են պտտվում, որ այրել են նաեւ Իսմայիլի շրջանի  գործադիր իշխանության ղեկավարի եւս մեկ մեքենա: Ըստ «ԱՊԱ»-ի՝ վերջինիս տան մոտ ամբոխ է կուտակվել, մարդիկ պահանջել են նրա հրաժարակմանը: Գիշերվա ժամը 2-ին ցույցը ավարտվել է, բանակցությունների միջոցով հաջողվել է հանգստացնել բողոքողներին: Էմիլ Շահմարդանովը եւ միջադեպի պահին նրա հետ եղած մեկ այլ մարդ ձերբակալվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ