News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարեւորել է վարչապետի` տարեսկզբին Երեւան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան է հանդիսացել, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման եւ համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջեւ մշակութային համագործակցության խորացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորել երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարեւորել են եկեղեցական եւ հոգեւոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարեւոր բաղադրիչ:

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում` Վրաստանում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին եւ պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան եւ Մուղնու Սբ. Գեւորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային եւ այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Մծխեթում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի եւ Շիոմգվիմելի վանական համալիրներ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել եւ մասնակցել է նաեւ մի շարք մշակութային եւ համայնքային միջոցառումների:

Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարն այցելել է Թբիլիսիում գործող  «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (լեգենդար «Վերնատուն»,) Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում ներկա գտնվել ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի` հայ եւ վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հանդիպել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախարար Հասմիկ Պողոսյանն, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին եւ բանակցություններին, ընդգծել է, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն  առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները` նախարարը մանրամասն խոսել է առաջիկայում իրականացվելիք կարեւորագույն համատեղ միջոցառումների մասին, ինչպես նաեւ իր մոտեցումները հայտնեց համայնքային մշակութային կյանքի ակտիվացման եւ այդ ուղղությամբ համայնքային եւ հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ