News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի ընթացքում հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը հղեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին` ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ