News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը` ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորությամբ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը Երեւանում է ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության համագործակցությամբ Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի շրջանակներում Հայաստանում կենսաբանական ոլորտում իրականացվող համագործակցային ծրագրի առաջին փուլի ավարտի եւ երկրորդ փուլի աշխատանքներն սկսելու կապակցությամբ:

Կարեւորելով ծրագրի նշանակությունը Հայաստանում վտանգավոր կենսաբանական պաթոգենների հայտնաբերման ու չեզոքացման ուղղությամբ` Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում մարդկանց եւ կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին օժանդակելու համար: Նա հատուկ անդրադարձել է Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի ծրագրին, որի անհրաժեշտությունը տարածաշրջանային մյուս երկրների համար նույնպես անգնահատելի է:

Առանձնակի շեշտվել են ծրագրի այն բաղադրիչները, որոնցով նախատեսվում է ստեղծել հետազոտական ժամանակակից լաբորատոր կենտրոն` իր մարզային մասնաճյուղերով, ինչպես նաեւ տեղական մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Էլիզաբեթ Ջորջը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է այցի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները եւ գոհունակությամբ նշել է, որ արդեն տեսանելի է որոշակի առաջընթաց ծրագրի իրականացման գործում: Նա հատկապես դրական է գնահատել մասնագետների վերապատրաստման կազմակերպման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:

Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են այս կարեւոր ծրագրի իրականացման գործին ըստ ամենայնի աջակցելու իրենց պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ