News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը կարեւորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր  պետական եւ մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Ռայներ Լինդները նշել է, որ նախորդ տարեվերջին Ֆրանկֆուրտում կայացած գործարար ֆորումի ընթացքում Տիգրան Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով գերմանական կողմը պատրաստ է գործնական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես,  Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում:

Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունները եւ պատրաստակամություն հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Ռայներ Լինդները շնորհակալություն է հայտնել  վարչապետին՝ Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրմանը միտված քաղաքականություն վարելու համար: Դա, ըստ գերմանացի գործարարների, կնպաստի դեպի Հայաստան լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Վերջիններս ողջունել են նաեւ ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման որոշումը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ բիզնես ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ՏՏ բնագավառում գործող հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին հնարավոր մասնակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Նշենք, որ Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովին անդամակցում են շուրջ 200 գերմանական խոշոր, միջին եւ փոքր ընկերություններ: Ներկայում Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովը համագործակցում է 21 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամության թեկնածու երկրների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ