News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օրերս Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Խոլստ» մոսկովյան ստեղծագործական միավորման «Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ռուս արվեստագետների աշխատանքները:  Գեղանկարիչներ Վիոլետա Գոլդինան, Իրինա Կովալեւսկայան, Վիկտորիա Կուզմինան, Ելենա Պավլովան, Մարիաննա Չայկինան եւ Դմիտրի Խոլկինը ձեւավորել են իրենց խումբը երկու տարի առաջ՝ միավորվելով ստեղծագործական ընդհանուր գաղափարների շուրջ եւ իրենց կտավները հիմնականում ստեղծում են Եվրոպայի ու Ասիայի գեղատեսիլ վայրեր համատեղ այցելությունների ընթացքում: Ռուսաստանցի գեղանկարիչները եղել են Հայաստանում 2012 թվականի սեպտեմբերին , ինչը, նրանց խոսքով, թողել էր իրենց հոգում տարվա ամենավառ տպավորությունը:

Այս տարվա փետրվարին Մոսկվայում՝ «Արարատ Պարկ-Հայաթ» հյուրանոցում «Արտ-ֆինանս» ընկերության, Sothbey’s աճուրդային տան եւ «Արտ-Նաջար» պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին  ներկայացված էին «Խոլստ» միավորման նկարիչների թվով  յոթ աշխատանքներ, որոնք ստեղծվել էին Հայաստան ստեղծագործական այցելության ընթացքում:

«Վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմեց 150 հազար ԱՄՆ դոլար, որը փոխանցեցինք Սարյանի տուն-թանգարանին: Այսօր Սարյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսում մենք ներկայացնում ենք Հայաստանում ստեղծված նկարները եւ մի շարք այլ աշխատանքներ: Ցուցահանդեսը կրում է «Երկխոսություն» խորագիրը, քանի որ Հայաստան բերեցինք մեր աշխատանքները, շփվեցինք այստեղ, լսեցինք մարդկանց, ստեղծեցինք նկարներ եւ այդ մասին պատմեցինք Մոսկվայում: Իսկ արդեն Մոսկվայում մեզ լսեցին, ձեռք բերեցին մեր աշխատանքները, միջոցները փոխանցեցինք տուն-թանգարանին: Այս երկխոսությունը, որը սկսվել է մեր միջեւ, շատ հետաքրքիր է: Սա՝ ցուցահանդես-երկխոսություն է, եւ հուսով եմ, որ այդ երկխոսությունը շարունակական է լինելու», – ասել է «Խոլստ» ստեղծագործական միավորման գեղանկարչուհի Իրինա Կովալեւսկայան:

«Երկխոսություն» ցուցահանդեսն ացկացվելու է մինչեւ մայիսի 28-ը: Սակայն այս ցուցահանդեսով «Խոլստ» միավորման՝ Հայաստանի հետ կապված ստեղծագործական ծրագրերը չեն ավարտվում:

«Մենք շատ մեծ ծրագրեր ունենք: Արդեն այսօր՝ այս այցելության ընթացքում անցկացրել ենք պլեներներ, նկարել ենք: Բացի այդ, Հայաստանում պատրաստված էտյուդներով կստեղծենք նկարներ Մոսկվա վերադառնալուց հետո: Այդ բոլոր աշխատանքների համար կփորձենք կազմակերպել ցուցադրություններ: Իսկ հաջորդ անգամ, ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին, ցանկանում ենք այցելել Լեռնային Ղարաբաղ: Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը, այստեղ ապրող մարդիկ, բնությունը, մշակութային հարստությունը: Սարյան ընտանիքի հետ ծանոթությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Դա՝ անցած դարասկզբի ռուս, խորհրդային եւ հայ նկարիչների արվեստի, կյանքի եւ համագործակցության մասին գիտելիքների գանձարան է: Դա շատ հետաքրքիր է, եւ մեծ ուրախությամբ շարունակելու ենք զարգացնել այդ թեման», –  «Խոլստ» միավորման հետագա ծրագրերի մասին խոսել է Իրինա Կովալեւսկայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ