News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե արել է ամեն բան, որ ապահովի լրագրողների բնականոն աշխատանքը մայիսի 18-ին Երեւան-Սեւան մայրուղու վրա, երբ զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով լրագրողների աշխատանքի խոչընդոտման փաստը:

«Առաջին արձագանքը, որ ստացանք, թե իբր ինչ-որ մեկը խանգարում է լրագրողներին, ես միանգամից արձագանքեցի եւ ասացի, որ դիմեն փոխնախարարին, ով գտնվում է տեղում: Ինչ մնում է խոչընդոտման մասին տեղեկություններին, համապատասխան մարմինները, խնդրում եմ, թող զբաղվեն, եւ եթե պարզվի, որ լրագրողների աշխատանքին խոչընդոտման դեպքեր են եղել, ՊՆ-ն համապատասխան արձագանք կտա»,- նշել է Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դատապարտել էր  մայիսի 18-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա լրագրողների աշխատանքները խոչընդոտելու փաստը: NEWS.am-ի հարցին ի պատասխան նա նշել էր. «Միանշանակ բացասական եմ գնահատում, միանշանակ դատապարտում եմ: Հանրապետության Նախագահի ցուցումով ես հենց նույն օրը շփվել եմ «Արմնյուզ», «Շանթ», «Կենտրոն» հեռուստաընկերությունների եւ մյուս լրատվամիջոցների ղեկավարների հետ, մեր աջակցությունն ու սատարում եմ հայտնել: Կատարվածի պատշաճ ուսումնասիրումը նույն պահից սկսած գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Վստահ ենք, որ իրավասու մարմիննները օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները: Վաղուց ժամանակն է, որ առանձին պաշտոնատար անձինք մեկընդմիշտ վերանայեն իրենց վարքագիծը եւ ընկալեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակին համահունչ գործելաոճի հրամայականը»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, երբ բանակում զոհված զինծառայողի հարազատներն, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, նրանց ճանապարհը փակել են ՊՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Տեղի է ունեցել բախում ուժայինների ու զոհվածի հարազատների միջեւ: Միջադեպը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտել են ուժային կառույցների աշխատակիցները, խլելով նրանց տեսախցիկներն ու հիշողության կրիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ