News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության զարգացման մակարդակով  եվրոպական որոշ երկրներից առաջ է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստում լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը այլ, այդ թվում՝ ԵՄ երկրների հետ համեմատելը թույլ է տալիս դրական տարբերություն տեսնել: Ցավոք, երկրի վիճակով մտահոգվածությունը միշտ չէ, որ թույլ է տալիս նկատել դա: «Բայց Հայաստանը մնացած երկրներից չի առանձնանում, ընդհակառակը, առաջ է անցել մի շարք երկրներից, այդ թվում՝ ժողովրդավարական արժեքների զարգացմամբ եւ ընտրությունների անցկացման որակով»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանելով Ղարաբաղի մասին հռչակագրի նախագիծը, որը կընդունվի նիստի ընթացքում, խորհրդարանականը նշել է, որ դա ստանդարտ հայտարարություն է, որը կողմերին կոչ է անում շարունակել բանակցային գործընթացը խաղաղ պայմաններում, ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, շարունակել ՄԽ ձեւաչափով բանակցությունները եւ լուծում գտնելու համար ավելի մեծ ջանքեր գործադրել:

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ Մշտական հանձնաժողովի ներկա նիստը, կազմակերպության կանոնադրության համաձայն, անցկացվում է նախագահող երկրում. «Սա ընդունված կարգ է, որը ցանկանում էին չեղյալ համարել: Մենք դեմ արտահայտվեցինք, եւ որոշումը չկայացվեց: Շատ կարեւոր է, որ պատվիրակներն այցելեն, տեսնեն մեր երկիրը, դա էականորեն փոխում է դրա հանդեպ նրանց վերաբերմունքը: Մնացած առումներով սա սովորական նիստ է»:

Մեկնաբանելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերն այն մասին, որ նորմալ չէ մի երկրի նախագահությունը, որտեղ քաղբանտարկյալներ կան, կեղծվում են ընտրությունների արդյունքները, փակված չէ Մարտի 1-ի էջը, նա նշել է, որ մտադիր չէ առիթից օգտվել եւ ասել, որ նման տեսակետին կողմ են ԵԽԽՎ որոշ պատվիրակներ, որոնք հայտնի են իրենց հակահայ դիրքորոշմամբ, նաեւ՝ ադրբեջանական լոբբիի կորիզը կազմող որոշ պատգամավորներ: «Չեմ կարծում, որ նա դա ասել է հակահայ տրամադրվածությունից դրդված: Սա ավելի շուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչը մեկնաբանությունների կարիք չունի», - ամփոփել է Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ