News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ղեկավար Ժան –լոդ Մինյոնը շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության կողմից բողոքի ակցիայի կազմակերպմանը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի երիտասարդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԵԽԽՎ-ի:

«Մենք կարծիքի արտահայտման եւ մամուլի ազատություն ենք ուզում»,-ասել է նա՝ հավելելով, որ բողոքի ակցիայի անցկացումը վկայում է երկրում մամուլի ազատության մասին:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն հետեւում է այս կամ այն երկրում տիրող իրավիճակին՝ մոնիթորինգի կոմիտեի, ինչպես նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներով: «Մենք պետք է հետեւենք օրենքին, յուրաքանչյուր անհատական կարծիք դուրս է ԵԽԽՎ կանոններից»,-հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ժան-Կլոդ Մինյոնն ընդգծել է, որ ամենագլխավորն ի շահ պետության աշխատելն է, կարեւոր չէ ընդդիմությունից ես, թե՝ մեծամասնությունից:

Նրա խոսքով՝ առանց ընդդիմության չկա ժողովրդավարություն: «Ես եղել եմ երկու ճամբարներում եւ սա ասում եմ իմ փորձից ելնելով»,-ընդգծել է նա՝ կոչ անելով հարգել ընդդիմադիր ուժերի իրավունքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր` մայիսի 31-ին, ժամը 13.30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ,  Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել (ֆոտոռեպորտաժ):  Նրանք իրենց պահանջները ձեւակերպել էին պաստառների վրա: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, անհապաղ արձագանքել վերջին` Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին, դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետեւողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, տվյալ արատավոր երեւույթների հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Նրանք կոչ են անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սկզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման եւ իրական ժողովրդավարության կայացման գործին: ՀԱԿ ցուցարարները կոչ են անում նաեւ ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին եւ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին եւ ներկա գտնվել բողոքի ցույցին:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ