News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստան տանող երկաթգծի վերանորոգման փաստը եւ նմանօրինակ քայլերն աննշան են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը` մեկնաբանելով երկաթուղու եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը:

Նրա խոսքով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հավանականությունը բավականին փոքր է: «Հայ հանրության շրջանում պատկերացումները Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշման վերաբերյալ, չափազանցված են: Եթե նախկինում, 2009թ. նախաձեռնված հաշտեցման գործընթացի եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Անկարային համոզելու փորձերը էական դեր չխաղացին, ապա այսօր ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Սարո Սարոյանը:

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ հնարավոր ճնշումը, ըստ փորձագետի, անհրաժեշտ է դիտարկել ամերիկյան պետության շահերի համատեքստում: «Պետք է նոր իրավիճակ ստեղծվի, որպեսզի Թուրքիան նույնպես գնա ինչ-ինչ զիջումների: Տվյալ պահին նման նոր իրավիճակ չի ձեւավորվում»,-նկատեց Սարոյանը` ավելացնելով, որ Մերձավոր Արեւելքում որոշ գործընթացների դեպքում Թուրքիան կհամաձայնի եվրոպական եւ ամերիկյան կողմերի առաջ քաշած պահանջներին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները վերականգնում են դեպի Հայաստան տանող 112-կիլոմետրանոց երկաթգիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ