News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին Բուխարեստում ստորագրվել է Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագիր եւ կից լրացուցիչ համաձայնագիր: Հայկական կողմից նախապես ստորագրված համաձայնագրերը կնքել է Բուխարեստի համալսարանի ռեկտոր Միրչա Դումիտրուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ներկայությամբ:

Երկու կրթական հաստատությունների միջեւ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի ապրիլին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի Բուխարեստ կատարած այցի ընթացքում, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ գործուն միջամտությամբ:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը եւ դոկտոր Միրչա Դումիտրուն պայմանավորվել են առաջիկայում համալսարանների ղեկավարների միջեւ փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ Ռումինիայում համալսարանական մակարդակով հայերենի ուսուցումը խորացնելու շուրջ:

Նշենք, որ Հուշագիրը նախատեսում է ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ փոխանակման ծրագրեր պրոֆեսորա-դասախոսական եւ վարչական կազմերի համար, ուսանողների փոխանակման ծրագրեր` 6-12 ամիս տեւողությամբ, համատեղ հետազոտություններ եւ գիտական հրատարակություններ, փոխադարձ մասնակցություն կազմակերպվող ամառային դպրոցներին, գիտաժողովներին եւ լեզվի դասընթացներին:

Համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի խորացնելու երկու երկրների մայր բուհերի միջեւ առկա գործակցությունը: Վերջին տասնամյակում միջպետական ծրագրով Բուխարեստի համալսարանում բուհական եւ հետբուհական կրթություն են ստացել տասնյակ հայ ուսանողներ: 2011 թվականից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, պատրաստվել եւ տպագրության է հանձնվել դոկտոր Աիդա Մարկոսյանի՝ հայոց լեզվի ուսուցման դասագիրքը ռումինախոսների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ