News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում երեկ՝ հուլիսի 3-ին մեկնարկել է Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը եւ համագումարի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Ուղերձում, մանսավորապես, ասվում է.

«Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 11-րդ  համագումարի մասնակիցներին։  

1960-ական թվականներից ի վեր առողջապահության սփյուռքահայ մասնագետները փորձում էին համախմբել իրենց մասնագիտական ուժերը։ 34 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի` ԱՄԻԿ-ի նպատակն էր աջակցել մայր Հայաստանին եւ բարելավել բուժօգնության մակարդակը հայրենիքում։  Համահայկական այս նախաձեռնությունն աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը դարձավ։ Իր տարբեր կառույցների միջոցով այն նպաստում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը։ Ցուցաբերված  աջակցությունն օգտակար է եղել եւ՛ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի, եւ՛ արցախյան ազատամարտի եւ՛ խաղաղ զարգացման արդի փուլի պայմաններում։

Հայրենիքում եւ սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարները համագործակցության նորանոր հեռանկարներ են բացում։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում ընթացող այս հերթական հավաքը եւս արդյունավետ է լինելու հայ բժշկագիտության եւ բժշկական առանձին ծառայությունների զարգացման տեսանկյունից։  Վստահ եմ նաեւ, որ մայր Հայաստանի առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը նոր ուժ եւ հզորություն է հաղորդելու ձեզ, քանի որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ նրա հաջողություններն ու առաջընթացը բոլորինս են:

Հարգելի բարեկամներ, մաղթում եմ Ձեզ ուժ ու եռանդ, որ նույն կորովով շարունակեք Ձեր նպաստը բերել մեր ազգային իղձերի իրականացմանը, իսկ համագումարին` բովանդակալից եւ արդյունավետ աշխատանք»:

Նախարար Դումանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը հանձնել է համագումարի կազմակերպիչներին։ Բացման խոսքով հանդես են եկել նաեւ ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը,  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։

Տեղեկացնենք, որ Հայ բժիշկների միջազգային 11-րդ  համագումարին մասնակցում են մոտ 400 բժիշկներ եւ բուժքույրեր Կանադայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից եւ այլ երկրներից։ Առաջին օրվա պլենար նիստում ներկայացվել են բուժման նորագույն մեթոդները, սրտամկանի ինֆարկտի բուժումը` ցողունային բջիջների օգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ